Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը և Չինաստանը համատեղ կզարգացնեն «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, պատասխանելով Չինաստան կատարած այցի արդյունքների վերաբերյալ լրագրողների հարցերին, հայտարարել է, որ չի տեսնում չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության և եվրասիական գործընկերության մրցակցության տարրեր. Մոսկվան և Պեկինը կաշխատեն միասին երկու հարցերի շուրջ։

«Եթե զարգանա նաև չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, դա սիներգետիկ էֆեկտ կստեղծի այն ջանքերի և ներդրումների համար, որոնք մենք ներկայումս կատարում ենք` զարգացնելով Ռուսաստանի հնարավորությունները: Մենք դրանում շահագրգռված ենք», – ասել է Պուտինը՝ պարզաբանելով իր դիրքորոշումն այն բանի վերաբերյալ՝ արդյոք Եվրասիական մեծ գործընկերությունը և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագիծը փոխլրացնող են, թե՞ դրանցում կան մրցակցության տարրեր:

«Կաշխատենք միասին, ոչ մի մրցակցություն այստեղ չկա», – հավելել է ՌԴ նախագահը։

Նրա խոսքով՝ ՉԺՀ-ի նախաձեռնությունը վերաբերում է աշխարհի գրեթե բոլոր տարածաշրջաններին. «թե՛ Ամերիկայի մայրցամաքին, թե՛ Աֆրիկային, թե՛ Եվրոպային, թե՛ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարևաններին, նաև Ռուսաստանին», մինչդեռ եվրասիական գործընկերությունը տեղային է, թեև «բացարձակ առաջնահերթություն է» ՌԴ-ի համար:

Պատասխանելով Չինաստան կատարած այցի արդյունքների վերաբերյալ լրագրողների հաջորդ հարցին` ՌԴ նախագահն ասել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ բանակցությունները տևել են մոտ երեք ժամ։ Պուտինի խոսքով՝ թեմաները, բացի երկկողմ օրակարգից, ներառել են Ուկրաինան և Մերձավոր Արևելքը:

Տեսանյութեր

Լրահոս