Չեմ ուզում՝ Փաշինյանին վերացնեն, նրան պետք է պահել՝ որպես ազգադավ կերպար սերունդներին ցույց տալու համար. Ռուբիկ Հակոբյան

«Նիկոլ Փաշինյանը ծախված է. եթե նախկինում կարող էի դա կասկածով ասել, ապա հիմա՝ ոչ». 168 TV-ի «Ռեվյու» հաղարդաշարի եթերում, խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի, դրա գլխավոր մեսիջների մասին, Փաշինյանին նախ «ծախված ղեկավար» որակեց քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը, ապա շարունակեց.

«Երեկվա հարցազրույցում խոսում է 8 գյուղերի մասին. եթե իրենք տալիս են Ադրբեջանի կողմից անկլավներ համարվող տարածքները, ապա դրանցով ցանկացած պահի Ադրբեջանը հսկողության տակ է պահելու Սյունիքը, Վայոց ձորը, Տավուշը։ Ադրբեջանը կարող է հենց այդ տարածքներից հարձակում իրականացնել մեզ վրա, հետևապես, այն, ինչ երեկ ասում էր Փաշինյանը, գալիս է ցույց տալու, որ նա չի հասկանում ոչինչ։ Երեկ նա իր տգիտությունը ցուցադրեց, չի հասկանում ոչինչ նաև միջազգային իրավունքից, ոչ էլ անգամ իրեն տրված հարցերից։ Կարելի է ասել, որ երեկ հնչած հարցադրումներով ամբողջությամբ մերկացվեց Փաշինյանի տգիտությունը նաև սահմանագծման, սահմանազատման և այլ հարցերի վերաբերյալ»,- ասաց Հակոբյանը։

Վերջինս նշեց՝ Փաշինյանի հարցազրույցը նայել է ուժերի գերլարմամբ և եկել այն համոզման, որ, եթե նախկինում մտածում էր, թե Փաշինյանը տգիտությամբ է երկրին այսքան արհավիրք պատճառում, ապա հիմա վստահ է՝ նա հայի ներսի թշնամին է։

«Պատմության մեջ մենք թշնամուն չենք պարտվել, պարտվել ենք մեր միջի թշնամուն։ Փաշինյանը մեր միջի դաժան թշնամին է։ Պետրոս Գետադարձը Փաշինյանի նախատիպն է, հիշեք՝ ինչպես նա Անիի բանալիները հանձնեց թշնամուն՝ առանց զոհերի։ Հիմա Փաշինյանը նաև Հայաստանն է հանել վաճառքի»,- ասաց Ռուբիկ Հակոբյանը՝ շեշտելով՝ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ չի կանգնի դատաստանի առաջ, քանի դեռ վարչապետի աթոռին է նստած, ուստի միայն մտածում է աթոռը և ոչ՝ մեր երկիրը պահելու մասին։

Կարդացեք նաև

«Հենց դրանով պայմանավորված էլ պատահական չէ, որ նրան օգտագործում են իրենց նպատակներին հասնելու համար՝ ինչպես Թուրքիան, այնպես էլ՝ Ռուսաստանը. եթե տեսնում են, որ կա մեկը, որը սրբություն չունի և տգետ է, ինչո՞ւ պետք է չօգտագործեն»,- ասաց նա։

Քաղաքական գործչի համոզմամբ՝ Փաշինյանին աթոռը պահելու համար անհրաժեշտ է գնալ բռնապետության հաստատման ճանապարհով, և նրա պաշտոնավարման օրոք խոսել ժողովրդավարության մասին՝ նշանակում է չհարգել ինքդ քեզ։

«Նոբելյան մրցանակի հիմնադիր Ալֆրեդ Նոբելն ասում էր՝ ցանկացած ժողովրդավարություն վերածվում է տականքների բռնապետության, և այս խոսքերը խիստ տեղին են հիմա, ուստի Փաշինյանին իր իշխանության ղեկից պետք է դուրս շպրտել»,- ասաց նա։

Հարցին՝ ինչպե՞ս դուրս շպրտել, և ինչո՞ւ դա չի անում ընդդիմությունը, Ռուբիկ Հակոբյանը հիշեցրեց այդ նպատակով 2020 թվականի պատերազմից հետո ծավալված բոլոր ընդդիմադիր շարժումները և դրանցից վերջինը՝ Ազգային կոմիտեն։

«Օրինակ, Ազգային կոմիտեն որոշեց, որ պետք է իշխանափոխության գնա իմպիչմենթով, բայց չէ՞ որ դա անելու համար պետք է ասել, թե ո՞վ է վարչապետի քո թեկնածուն, ինչը չարեց՝ կրկնելով Դիմադրության շարժման սխալը։ Ձգձգել թեկնածուի անվան հայտարարումը, նշանակում է երբեք կողմ չես այդ ծրագրի իրականացմանը»,- իշխանափոխության չհանգեցրած ընդդիմադիր ձևաչափերի սխալներից մեկը մեջբերեց Հակոբյանը։

Հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ «Մայր Հայաստան» շարժման ղեկավար Անդրանիկ Թևանյանի այն հայտարարությունը, թե՝ պատրաստ եմ ստանձնել առաջնորդություն, Ռուբիկ Հակոբյանը պատասխանեց,՝ նա պատրաստ էր, բայց Ազգային կոմիտեն պետք է դրան կողմ լիներ։

«Եթե կոմիտեն ունենար որոշում՝ թեկնածուն Անդրանիկ Թևանյանն է, թե  ցանկացած այլ մարդ, իրավիճակը լրիվ այլ կլիներ»,- ասաց Հակոբյանը՝ հերքելով նաև այն լուրերը, թե Անդրանիկ Թևանյանի լռությունը պայմանավորված է նրա նկատմամբ քրեական գործով։

Ինչ վերաբերում է իշխանափոխության համար հետագա պայքարին, ապա Հակոբյանը նշեց՝ երբ իշխանությունը գլխատում է պետությունը, խախտում պետության Սահմանադրությունը, ապա ժողովուրդը կարող է իրացնել իր իրավունքը՝ դիմել ապստամբության։

«Վստահ եմ, որ Փաշինյանը կհայտնվի այնտեղ, որտեղ պետք է։ Չեմ ուզենա՝ Փաշինյանին վերացնեն, նրան պետք է պահել ու սերունդներին ցույց տալ, թե ինչ ազգադավ կերպար ենք ունեցել»,- ասաց Հակոբյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս