55 ժամ ղեկին անցկացրած 13-ամյա արցախցի Գոռը Երևանում վարսավիրի մասնագիտություն է սովորում. Sputnik Արմենիա

Գոռը մեկն է այն երեխաներից, որ Արցախից մեքենայով դուրս է բերել իր ընտանիքի անդամներին ու ապահով հասցրել Հայաստան։

Արցախի Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի բնակիչ 13-ամյա Գոռը, որը 55 ժամ ղեկին է եղել և իր 8-հոգանոց ընտանիքին Ստեփանակերտից բերել է Հայաստան, հիմա Երևանում փորձում է յուրացնել վարսավիրի մասնագիտությունը։ Սա նրա երկրորդ հետաքրքրությունն է մեքենա վարելուց հետո, որը հայրն է սովորեցրել։

«10 տարեկանից որոշել էի, որ պետք է վարսավիր դառնամ, բայց Արցախում չեմ սովորել, միայն պապիկիս էի թրաշում։ Այստեղ արդեն նպատակս իրականություն է դառնում։ Հիմա 9-րդ դասարան եմ, հենց ավարտեմ, դուրս եմ գալու, որ սկսեմ այս մասնագիտությամբ աշխատել»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Գոռը։

Նրա վարպետ Կարո Աբաչյանը վստահ է` Գոռի մոտ ամեն ինչ կստացվի, քանի որ նպատակասլաց է ու ձեռքի շնորհքն էլ ունի։
«Գոռն ապագայում լավ մասնագետ կդառնա ու նրա մասին դեռ կլսենք», – նշել է վարպետը։

Գոռը դեռ Արցախում անցկացրած վերջին օրերին է որոշել՝ պետք է անպայման աշխատի ու ընտանիքին օգնի։ Ասել է` իր սիրելի Ղարաբաղում թողել է տունը, ընտանիքի ողջ պատմությունն ու մանկությունը։

Մայրը` Նուրվարդ Խաչատրյանը, պատմում է, որ իր կամքից անկախ է որդին այդքան երկար ժամանակ ղեկին անցկացրել, բայց ընդհանրապես չի նեղվել, չի ընկրկել` շատ վստահ վարել է մեքենան (ավտոմեքենայում եղել են մայրը, մեծ քույրն իր 2 անչափահաս երեխայի հետ, տատիկները, պապիկն ու բարեկամներից մեկը)։ Անգամ բարեկամին չի վստահել, որ գոնե մի քանի ժամով փոխարինի իրեն, մտածել է` իրենց մեքենայի յուրահատկություններին չի տիրապետի։

«Քանի որ ամուսինս` Անատոլի Խաչատրյանը, դիրքերում էր, մեզ պետք է գյուղից հանեին, ռուսներն ասացին՝ եկեք մեզ մոտ, մնացեք բազայում (Ստեփանակերտի օդանավակայանում. խմբ.)։ Տղաս մեզ հանեց գյուղից, ոչ միայն մեր ընտանիքին, բարեկամների էլ։ Սեպտեմբերի 19-ից օդանավակայանում ենք եղել ու 5 օրից դուրս ենք եկել։ Արդեն Հայաստան գալու օրը` սեպտեմբերի 25-ին, Գոռս ինձ ասաց, թե վախենում է, քանի որ երկար ժամանակ ղեկին չի եղել, բայց ես ասացի` կարող ես, վստահ եմ։ Ու ճանապարհ ընկանք։

Ամբողջ ճանապարհին մտքումս աղոթում էի, որ ողջ–առողջ տեղ հասնենք։ Հիմա արդեն հետ եմ նայում ու զարմանում` ոնց այդքան ժամ քշեց, բերեց ու հասցրեց Հայաստան»,- պատմում է մայրը։

Գոռն անհանգիստ է եղել, որ կարող է ոստիկանությունն իրեն կանգնեցնել կամ չկարողանա ընտանիքին Հայաստան հասցնել։

Ոչ մի ժամ չի քնել, գրեթե ոչինչ էլ չի կերել այդ 2.5 օրվա ընթացքում, դա էլ հերիք չէ, Հակարիի կամրջի անցակետում ադրբեջանական սահմանապահները մեքենայից իջեցրել ու հեռացրել են Գոռի պապիկին։ Ադրբեջանցիները ստիպել են մեքենան հեռացնել այդ հատվածից և առաջ շարժվել, տղան հարկադրված անցել է որոշ հատված ու կանգնել։ Մոտ 40 րոպե անց պապը վերադարձել է ու պատմել, որ հարցրել են` Խոջալուում քանի՞ ադրբեջանցու է սպանել, ինչին ի պատասխան ասել է, թե ինքն անգամ լավ ադրբեջանցի ծանոթներ է ունեցել Սումգայիթում (մինչև 1990-ականների սկիզբն այնտեղ են ապրել. խմբ.), անուններ է հնչեցրել ու վստահեցրել, որ երբեք որևէ մեկին չի սպանել։ Գոռը պապիկի վերադարձից հետո է մի փոքր շունչ քաշել ու հանգիստ սրտով քշել դեպի Գորիս։

Ճանապարհին, երբ ավտոշարասյունը դանդաղ առաջ է շարժվել, այդ ընթացքում փոքրիկները սովին չեն դիմացել, մեքենայում եղած ալյուրով հենց փողոցի եզրին Նուրվարդը խմոր է հունցել, ընտանիքի հայրն էլ կրակ է վառել, ու լավաշ են թխել։ Մյուս մեքենաներից էլ են մարդիկ մոտեցել ու կերել նոր թխած լավաշը։
Այժմ Արմավիրի մարզում են ապրում, 12 հոգով մեկսենյականոց բնակարանում են` Գոռը, հայրը, մայրը, տատիկը, պապիկը, մեծ քույրը` Լիանան (ամուսինը զոհվել է 44-օրյա պատերազմում. խմբ.) իր 2 երեխայի հետ, ու փոքր քույրը` Դիանան` 2 երեխայի և ամուսնու հետ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Տեսանյութեր

Լրահոս