Ֆրանսիան աչք է փակում «ադրբեջանական» 8 գյուղի «օկուպացիայի» վրա. Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է Մակրոնին

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ քննադատելով Ֆրանսիայի մեղադրանքները նրա վերաբերյալ, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքից 150 քառակուսի կիլոմետր է օկուպացրել:

«Ֆրանսիան ներկայումս աչք է փակում «ադրբեջանական» 8 գյուղի «օկուպացիայի» վրա: Ադրբեջանը ոչ մեկի հողերը «չի օկուպացրել», և այն պնդումը, որ սահմանի չսահմանազատված հատվածի տարածքները, որտեղ տեղակայված են ադրբեջանական ուժերը, պատկանում են Հայաստանին, «հակասում է որևէ տրամաբանության», – ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։

Բացի այդ, Բաքուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին մեղադրել է «անհիմն հակաադրբեջանական պնդումներ» անելու համար:

Խոսքը հոկտեմբերի 5-ին Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում Մակրոնի՝ Հայաստանի, Եվրոպական խորհրդի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ հնգակողմ հանդիպումից Ադրբեջանի նախագահի հրաժարման վերաբերյալ հայտարարության մասին է:

Բաքուն հերքել է Ֆրանսիայի պնդումն առ այն, որ Ադրբեջանն ու Թուրքիան հրաժարվել են մասնակցել հանդիպմանը՝ դա որակելով «կեղծավորություն»։ Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ միջոցառման մասնակիցները տեղյակ են եղել, որ հենց Ֆրանսիան հավանություն չի տվել գագաթնաժողովին Թուրքիայի մասնակցությանը:

Տեսանյութեր

Լրահոս