Ժամանակն է, որ Հանրապետականն իր դեմքով դուրս գա պայքարի և առաջնորդի շարժումը. Սամվել Նիկոյան

2018 թվականին 12 հազար քառակուսի կիլոմետր տարածքով և 150 հազար բնակչով Արցախ ժառանգություն ստացած Նիկոլ Փաշինյանն Արցախն ամբողջությամբ Ադրբեջանին հանձնելուց հետո էլ շարունակում է պաշտոնավարել, որովհետև աշխարհի պատմության մեջ հայրենիք հանձնած իշխանություններից տարբերվում է. եթե այդ քայլին գնացածները հեռացել են, որովհետև իշխանության ղեկին մարդ է եղել, ապա Փաշինյանի դեպքում մենք գործ ունենք հայի արյունով հաճույք ստացող մի սատանայի հետ, որի համար ընդունելի է միայն քաոսը։ Կարևոր է արձանագրել նաև, որ Արցախը հանձնելուց հետո Փաշինյանը իշխանության ղեկին է մնում, քանի որ նրան պահող հենարանը այսօր ոստիկանությունն է, ավելի ճիշտ՝ ոստիկանության մի մասը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Արցախի հանձնումից հետո Փաշինյանի՝ իր իշխանությունն ամրապնդելու փորձերին և հրաժարական չտալուն, նման տեսակետ հայտնեց Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանը։

Հարցին՝ եթե ոստիկանությունն է իշխանությանը պահող հենարանը, այդ դեպքում ինչո՞ւ 2018 թվականին ոստիկանությունը չպահեց 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանությունը, Սամվել Նիկոյանը պատասխանեց.

«Նայած ոստիկանության առաջ ի՞նչ խնդիր է դրված։ Սերժ Սարգսյանը ոստիկանության առաջ ամեն գնով իշխանություն պահելու խնդիր երբեք չի դրել։ Հիշում եք, երբ 3-րդ նախագահը նրա հետ գնաց հանդիպման, հարց տվեց՝ ի՞նչ է, դու մարտի մե՞կ ես ուզում։ Հարցրեց, ընդամենը, ցույց տալով, որ ինքը դրան չի գնա, թեև նրա այդ հարցը մանիպուլացվեց, իսկ այսօր մարդիկ մոտենում են ինձ և ասում՝ անձամբ քարը վերցնեիք և հարվածեիք գլխիս 2018-ին, որ այս օրվան չհասնեինք»։

Սամվել Նիկոյանի խոսքով՝ 2018 թվականին Փաշինյանին աջակցած և դրա համար հիմա ափսոսող մարդիկ համալրել են Փաշինյանի իշխանության հեռացումը ցանկացողների շարքերը, Փաշինյանի վարկանիշն անկում է ապրում. ապացույցը Երևանի ավագանու ընտրություններին այս խմբակի հավաքած ձայների քանակն է՝ 825 հազար ընտրողից ընդամենը 75 հազարինը, ուստի պետք է ոչ թե լացել և հանձնվել, այլ պայքարել։

«Մենք այս տարիներին ասել ենք, թող նոր ուժեր գան, միայն թե մեր երկիրը այս կործանման ճանապարհով չգնա։ Մենք ասել ենք, որ կօժանդակենք ցանկացածին, միայն թե մեր երկիրը չհասնի այս օրվան, իսկ այս մասին մենք ասում էինք 2018 թվականից սկսած։ Ես կարծում եմ, որ Հանրապետական կուսակցությունը հիմա պարտավոր է նախաձեռնել պայքարի շարժում, առաջնորդել այդ շարժումը, իսկ ով ուզում է, թող աջակցի, միանա։ Կարծում եմ, որ ժամանակն է, որ Հանրապետական կուսակցությունն իր դեմքով դուրս գա պայքարի»,- ասաց Սամվել Նիկոյանը՝ ընդգծելով, որ եկել է ազգահավաք անելու ժամանակը, որովհետև որևէ մեկը թող չկասկածի, որ Արցախից հետո թշնամին մտնելու է Սյունիք և Գեղարքունիք։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս