ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաներին 100-հազարական դրամ տրամադրելու համար անհրաժեշտ է մուտքագրել նրանց տվյալները
Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանված անչափահասներին 100-հազարական դրամ տրամադրելու համար անհրաժեշտ է համապատասխան հարթակներում մուտքագրել նրանց տվյալները:
Այս մասին հոկտեմբերի 4-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
«Երեկ երեկոյան ՀՀ կառավարությունը գրավոր ընթացակարգով հաստատել է 100 հազարական դրամների միանվագ տրամադրման որոշումը և հատկացման կարգը: Այն բոլոր ընտանիքներում, որտեղ կան անչափահաս երեխաներ, անհրաժեշտություն կա մուտք գործել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հատուկ հարթակ, որտեղ երեխայի մայրը կամ խնամակալը պետք է լրացնեն երեխայի ծննդյան վկայականի տվյալները, որպեսզի այդ տվյալները կապվեն մոր կամ խնամակալի տվյալներին: Այդ դեպքում գումարը կփոխանցվի մոր կամ խնամակալի բանկային հաշվին»,-ասաց Բաղդասարյանը:
Նա հիշեցրեց՝ այն մարդիկ, որոնք առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամության կարգ ունեն կամ 75 տարեկանից ավելի բարձր են, նրանց գումարների հատկացումը կլինի «Հայփոստ»-ի միջոցով:
«Անհրաժեշտ է ժամ առաջ գնալ որևէ առևտրային բանկ և բացել քարտային բանկային հաշիվ: Հաշիվների բացումն անվճար է: Դրանից հետո որևէ այլ գործառույթ իրականացնել պետք չէ, որովհետև այդ տվյալները Հայաստանի կենտրոնական բանկի կողմից փոխանցվում են միասնական սոցիալական ծառայություն և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ամփոփելով այդ տվյալները, գումարների փոխանցումը կիրականացնի»,-նշեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
Ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները հոկտեմբերի 3-ից կարող են դիմել միանվագ 100-հազարական դրամ ստանալու համար: