«ՌԴ նախագահի մուտքը Հայաստան, իհարկե, դժվար է արգելել, բայց կասկած սերմանել, որ դա առհասարակ իրագործելի է, այն է, ինչ տեղի ունեցավ Հռոմի ստատուտի վավերացման արդյունքում». Զատուլին
ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը կարծում է, որ Հայաստանն արգելել է Պուտինի մուտքը երկիր:
Հայաստանի խորհրդարանի կողմից Հռոմի կանոնադրության վավերացումը փաստացի նշանակում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մուտքի՝ այս երկիր արգելք։
Այս մասին Gazeta.Ru-ին ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։ Հարցազրույցը հրապարակվել է Զատուլինի պաշտոնական կայքում:
«Հայկական կողմը փորձում է նսեմացնել Հռոմի ստատուտի վավերացման նշանակությունը։ Նա պնդում է, որ չի պատրաստվում դա կիրառել Ռուսաստանի պետական պաշտոնյաների նկատմամբ։ Մյուս կողմից՝ մենք պաշտոնապես դատապարտեցինք այս վավերացումը՝ որպես ոչ բարեկամական արարք։ Առաջիկայում Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ Հայաստան մեկնելու հեռանկար՝ վավերացումով կամ առանց վավերացման, չեմ տեսնում: Տվյալ դեպքում հայկական կողմը չի կարող չհասկանալ, որ նման գործողությունն իրականում նշանակում է ՌԴ նախագահի մուտքի՝ Հայաստան արգելք։ Այս առումով Փաշինյանը և իր գործընկերները հետևողական են: Անցյալ տարի նրանք սկսեցին «մարզվել» ռուս քաղաքական և հասարակական գործիչների վրա»,- ասել է Զատուլինը:
Պատգամավորը հիշեցրել է, որ Հայաստանն արդեն արգելել է իր, Մարգարիտա Սիմոնյանի, Արամ Գաբրիելյանովի, ինչպես նաև «մի շարք այլ անձանց» մուտքը երկիր։
«Ռուսաստանի նախագահի մուտքը Հայաստան, իհարկե, դժվար է արգելել, բայց հարցականի տակ դնել, կասկած սերմանել, որ դա առհասարակ իրագործելի է, սա այն է, ինչ տեղի ունեցավ վավերացման արդյունքում»,- նշել է Զատուլինը։
Հրապարակման պատրաստեց 168.am-ը