Սև անշնորհակալությունը չի մթագնի նրանց սխրանքը. Զախարովան` ՌԴ խաղաղապահների զոհվելու մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան գրառում է կատարել Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների զոհվելու կապակցությամբ:

Հիշեցնենք, որ այսօր` սեպտեմբերի 20-ին, ԼՂ Ճանկաթաղ բնակավայրի շրջանում ՌԴ խաղաղապահներին տեղափոխող մեքենան հրաձգային զինատեսակներից գնդակոծության է ենթարկվել, ինչի հետևանքով ավտոմեքենայում գտնվող ռուս զինծառայողները զոհվել են։

«Պայծառ հիշատակ զոհված ռուս խաղաղապահներին, ինչպես և միշտ հարվածն իրենց վրա վերցնողներին՝ հանուն տարածաշրջանում խաղաղության։ Սև անշնորհակալությունը, որով անմաքուր մարդիկ փորձում էին կասկածի տակ դնել իրենց գործունեությունը, չի մթագնի նրանց սխրանքը, այլ հավերժական ամոթով կընկնի զրպարտիչների վրա»,-գրել է նա։

Նշենք, որ ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղում հրաձգային զինատեսակներից գնդակոծության է ենթարկվել ՌԴ խաղաղապահներ տեղափոխող մեքենան, ինչի արդյունքում մեքենայում գտնվող զինվորականները զոհվել են։

Մարիա Զախարովան կրկնել է, որ Երևանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը (86,6 հազար քառակուսի կիլոմետր) դարձել է Երևանի կողմից Լեռնային Ղարաբաղի հարցի վերջնական լուծումը:

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ 2022 թվականի հոկտեմբերի 7-ին ստորագրված տեքստում ոչ մի խոսք չկա տարածաշրջանի բնակիչների իրավունքների և անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին։

«Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն ու Հայաստանի իշխանություններն այդպես արեցին, ինչո՞ւ Փարիզն ու Բրյուսելը դրան դրդեցին պաշտոնական Երևանին, այդ հարցերը պետք է ուղղել նրանց»,- գրել է նա:

Տեսանյութեր

Լրահոս