Էրդողանը «բացատրել» է, թե ինչու Բաշար Ասադը չի կարող հանդիսանալ Թուրքիայի ընկերը

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ «բացատրել» է, թե ինչու Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չի կարող հանդիսանալ Թուրքիայի ընկերը:

Մարտի 8-ի հետ կապված՝ ելույթ ունենալով կանանց գործունեությանն ու դերակատարությանը նվիրված միջոցառման ժամանակ՝ Էրդողանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև սիրիական հակամարտության խնդրին.

«Արդեն երկու տարի է, ինչ Սիրիայի ժողովուրդը ենթարկվում է Բաշար Ասադի վարչակարգի բռնություններին: Ես և իմ ընտանիքը ժամանակին սերտ հարաբերությունների մեջ էինք Ասադի ու նրա ընտանիքի հետ: Սակայն ամեն ինչ փոխվեց մեկ ակնթարթում: Դրանից հետո մենք նրան հանեցինք մեր ընկերների ցուցակից:

Ես չեմ կարող հարաբերություններ ունենալ այնպիսի անձանց, որոնք ճնշում ու ոչնչացնում են սեփական ժողովրդին (Էրդողանը «մոռանում» է քրդերին ու Թուրքիայի մյուս ազգային փոքրամասնություններին հալածելու ու ոչնչացնելու և անուղղակիորեն Սիրիայի ժողովրդի ոչնչացման իր քաղաքականության մասին – 168.am):

Ի տարբերություն Սիրիայի, Թուրքիայում մարդիկ տարանջատված չեն որևէ ցուցիչով (Թուրքիայի սահմանադրության 66-րդ հոդվածում նշված է, որ Թուրքիայում ծնված յուրաքանչյուր քաղաքացի համարվում է թուրք, ինչը բխում է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հետևյալ խոսքերից. «Երջանիկ է նա, ով իրեն թուրք է համարում» – 168.am):

Ժողովուրդը միասնական է և պայքարելու է նրանց դեմ, ովքեր փորձում են խաթարել Թուրքիայի միասնությունը»:

Նշվում է, որ սրանից անմիջապես առաջ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել էր, որ անհրաժեշտ է տարանջատել Սիրիայում կայունությանն աջակցող թուրք ժողովրդի դիրքորոշումը Էրդողանի կառավարության դիրքորոշումից, որը թե՛ Սիրիայում, թե՛ ողջ տարածաշրջանում աջակցում է ահաբեկիչներին ու ծայրահեղականներին:

Հիշեցնենք, որ դեռևս 2011 թվականի մարտի վերջին, երբ Սիրիայում արդեն իսկ հուզումներ էին սկսվել, Էրդղանը հայտարարել էր. «Սիրիական զարգացումներն անմիջականորեն իրենց ազդեցությունն են ունենում հարևան Թուրքիայի վրա: Թուրքիայի համար մեծ վտանգ են ներկայացնում Սիրիայում բնակվող 1.4 միլիոն քրդերը: Դուք չպետք է հեռանաք քրդական գործոնի պատճառով:

Եթե դա տեղի ունենա, ապա այդ 1.4 միլիոն սիրիական քրդերը, Թուրքիայում բնակվող 15 միլիոն քրդերի, Իրանում բնակվող 7 միլիոն քրդերի և Հյուսիսային Իրաքում բնակվող 6 միլիոն քրդերի հետ միասին ոտքի կկանգնեն և միացյալ անկախ պետության պահանջ կդնեն»:

Ի դեպ, դեպքերի նմանատիպ զարգացմանը պատրաստ լինելու համար Անկարան ու Դամասկոսը 2009 թվականին հիմնեցին Բարձրագույն ռազմավարական համագործակցություն, իսկ 2010 թվականի ապրիլին տեղի ունեցան թուրք-սիրիական առաջին համատեղ զորավարժությունները:

Տեսանյութեր

Լրահոս