ԵՄ-ն կշարունակի ազդել Բաքվի վրա Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակի խնդրի հրատապ լուծման անհրաժեշտության հարցում. Բորել

ԵՄ-ն կշարունակի ազդել Բաքվի վրա Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակի խնդրի հրատապ լուծման անհրաժեշտության հարցում։ Եվրոպական խորհրդարանում անցկացված հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, հայտնել է կառույցի մամուլի ծառայությունը։

Հայաստանի և Ադրբեջանի հարցը որպես օրակարգի առանձին կետեր քննարկվել են նաև 2023 թվականի հունիսի 26-ին արտաքին գործերի խորհրդի նիստում, որտեղ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը ներկայացրել է Լաչինի միջանցքի գրեթե ամբողջական արգելափակման հետևանքով վատթարացող իրավիճակը։

Բորելն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամին և Լաչինի միջանցքի արգելափակմանը:

Նա արտաքին գործերի նախարարներին «զգուշացրել է հումանիտար ճգնաժամի վտանգի մասին և փոխանցել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու Եվրախորհրդարանի կոչը»:

«Մի շարք անդամ պետություններ աջակցություն են հայտնել Եվրոպական խորհրդի նախագահի և բարձր ներկայացուցչի ջանքերին ու մտահոգություն արտահայտել միջանցքի շարունակական շրջափակման կապակցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

ԵՄ-ն 2022 թվականի դեկտեմբերի սկզբից ուշադրությամբ հետևում է Լաչինի միջանցքում և դրա շուրջ տեղի ունեցող զարգացումներին և դրանց մարդասիրական հետևանքներին։ ԵՄ- ն բազմիցս կոչ է արել լիարժեք բացել միջանցքը և շարունակում է ամենաբարձր մակարդակով ակտիվ մասնակցել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների փոխընդունելի կարգավորման աշխատանքներին օգնելու հարցում:

«Այս կապակցությամբ ներկայումս չի դիտարկվում 2022 թվականի հուլիսի 18-ին Ադրբեջանի հետ ստորագրված էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագրի գործողության կասեցումը, որը հանդիսանում է էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացմանն ուղղված ԵՄ ջանքերի մի մասը։ Սակայն ԵՄ-ն կշարունակի ազդել Բաքվի վրա Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակի խնդրի հրատապ լուծման անհրաժեշտության հարցում, իսկ դա պատշաճ կերպով չանելը կարող է գործնական ազդեցություն ունենալ ԵՄ-ի հետ նրա հարաբերությունների վրա»,- ասել է Ժոզեպ Բորելը:

Տեսանյութեր

Լրահոս