«Քաղաքացիները փակ են պահում ճանապարհը և տեղներից չեն շարժվելու». Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար

Երեկ Ադրբեջանի Կարմիր մահիկ ընկերության ղեկավարը հայտարարել էր, թե Ադրբեջանը պատրաստվում է  40 տոննա «հումանիտար» բեռ ուղարկել Արցախ՝ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով, իսկ երեկոյան արդեն նրանց բեռն այդ ճանապարհին էր, արցախահայությունն այդ ամենին ի պատասխան՝ հայտարարել էր՝ դահիճի ձեռքից որևէ բան չեն ընդունելու։ Երեկ երեկոյան, մի խումբ արցախցիներ ոտքով հասել էին Ասկերան՝ ասկերանցիների հետ փակելով ադրբեջանական բեռների մուտքը Ստեփանակերտ՝ պահանջելով բացել իրենց միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը։

Այս ամենին ի պատասխան, Ադրբեջանը, որ մոտ 9 ամիս է՝ Արցախը պահում է  տոտալ շրջափակման մեջ, թույլ չտալով, որպեսզի Բերձորի միջանցքով որևէ հումանիտար բեռ մտնի Արցախ, հերթական պայմանն է առաջ քաշել։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ասել է, որ եթե թույլ տան բացվի Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը, ապա 24 ժամվա ընթացքում կբացվի Բերձորի միջանցքը։

168.am հետ զրույցում Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանն ասաց, որ ճանապարհը փակած արցախահայերը՝ ինչպես նախորդ օրը, այնպես էլ՝ այսօր, հստակ արտահայտել են  իրենց դիրոքորոշումը։

«Մարդիկ ասում են, որ ճանապարհը չեն բացելու, թշնամու օգնության կարիքը չունեն, իսկ Ադրբեջանը պարտավոր է բացել Բերձորի միջանցքը, քանի որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի տակ ստորագրել է  Ադրբեջանի նախագահը, իսկ ըստ այդ փաստաթղթի՝ միջանցքն անխափան պետք է գործի։

Կարդացեք նաև

Արցախահայությունը լավ գիտի Ադրբեջանին, այսօր գուցե Բերձորի միջանցքը բացի, հերթական անգամ ստի ու վաղը նորից փակի, ո՞վ է երաշխավորելու, ինչպե՞ս են երաշխավորելու»,- նշեց Համլետ Ապրեսյանը։

Շրջվարչակազմի ղեկավարը վստահեցրեց՝ բնակիչները շարունակում են փակած պահել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի Ասկերանի հատվածը, քանի որ չեն ցանկանում, որ Ադրբեջանը հումանիստ  խաղալով՝ այդ բեռները մտցնի Ստեփանակերտ։

«Արցախահայությունը չի ընդունում այդ ամենը։ Քաղաքացիները փակ են պահում ճանապարհը և տեղներից չեն շարժվելու՝ հստակ ասել են՝ իրենց որևէ բան պետք չէ, նրանց միակ պահանջը Բերձորի ճանապարհի բացումն է»,- եզրափակեց Համլետ Ապրեսյանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանն արդեն 262-րդ օրն է՝ փակ է պահում Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ցամաքային ճանապարհը՝ Բերձորի միջանցքը՝ սովի մատնելով արցախահայությանը, նրանց համար ստեղծելով  նաև բազմաթիվ  անվտանգային խնդիրներ։

Տեսանյութեր

Լրահոս