ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել 100 մլրդ դոլար տրամադրել զարգացող երկրներին` կլիմայի փոփոխությունների պատճառով
Զարգացած երկրները պետք է կատարեն զարգացող երկրներին 100 միլիարդ դոլարի տրամադրման խոստումը՝ կլիմայի փոփոխությունների հարուցած խնդիրների լուծման համար: Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այդ կոչով հանդես է եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը BRICS-ի գագաթնաժողովում։
«Զարգացած երկրները պետք է, վերջապես, կատարեն զարգացող երկրներին տրված խոստումները` 100 միլիարդ դոլար հատկացնել կլիմայի փոփոխությունների դեմ պայքարին, կրկնապատկել այդ փոփոխությունների ադապտացման գործընթացների ֆինանսավորումը, համալրել ՄԱԿ-ի Կանաչ կլիմայի հիմնադրամը, միջոցներ հատկացնել այս տարի կրած կորուստների փոխհատուցման համար», – հայտարարել է Գուտերեշը՝ ելույթ ունենալով BRICS-ի գագաթնաժողովում։
Գուտերեշն ընդգծել է, որ թվարկված ուղղություններում առաջնահերթությունն օգնությունն է Աֆրիկային։
«Դա արդարության հարց է»,- հավելել է նա։
2009 թվականին ՄԱԿ-ի շրջանակներում առաջին անգամ խնդիր դրվեց՝ հասնելու 100 միլիարդ դոլարի չափով ֆինանսավորման զարգացող երկրների ծրագրերի համար, որոնք նպատակաուղղված են կլիմայի փոփոխության պատճառով առաջացած հարցերի լուծմանը։ Նախատեսվում էր, որ մինչև 2020 թվականն այդ գումարը կհատկացվեր ամեն տարի։ 2019 թվականին խնդրում փոփոխություններ մտցվեցին. այժմ ենթադրվում է ընդամենը 100 միլիարդ դոլարի հատկացում զարգացող երկրներին մինչև 2025 թվականը։ Այդ ցուցանիշներին այդպես էլ չեն հասել: