AWI-ն՝ իշխանությունների ֆավորիտ
168.am-ը երեկ անդրադարձել էր «AWI»-ի ժամացույցների հանդեպ Փաշինյանի ու նրա կնոջ ունեցած ընդգծված վերաբերմունքին: Նշել էինք նաև, որ Աննա Հակոբյանն ադամանդակուռ հայկական արտադրության «AWI» ժամացույցներ է նվիրել մի քանի հայ ոճաբանների:
Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի սիրելի բրենդների թվում, ի դեպ, «AWI»-ն իր կայուն տեղն է զբաղեցրել դեռևս 2018 թվականից, երբ նոր էին եկել իշխանության. 2018թ. սեպտեմբերի 29-ին Նիկոլ Փաշինյանն անգամ գովազդել էր «AWI» -ն՝ իր ժամացույցների մասին քննարկումների համատեքստում. «Ուրեմն, հայկական արտադրության այս ժամացույցները Երևանի AWI խանութում վաճառվում են 76 հազար (ձախ կողմինը) և 105 հազար (աջ կողմինը) դրամներով: Մեզ մի քիչ էլ զեղչով են վաճառել: Այս ժամացույցները գնել ենք իմ այն խոստման շրջանակում, որ պիտի կրեմ միայն հայկական արտադրության հագուստ, կոշիկ, ժամացույց: Գրառմանս իմաստը նաև հայկական արտադրանքը քարոզելն ու արտադրողին, ներդրողին քաջալերելն է»:
Պարզվում է, հետաքրքիր զուգադիպությամբ «AWI»-ի՝ իրավաբանական անվանումով «Էյ Դաբլյու Այ Գրուպ» փակ բաժնետիրական ընկերության իրական շահառուներից է նաև շվեյցարահայ գործարար, «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ և «Արմսվիսբանկի» սեփականատեր Վարդան Սերմաքեշը, որը 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո բավականին ջերմ հարաբերություններ է հաստատել նոր իշխանությունների հետ:
Լրատվամիջոցները, ի դեպ, պատահական չէին համարում այս ջերմությունը՝ նկատելով, որ հավանաբար այդ կերպ Սերմաքեշը փորձում է չոր դուրս գալ Հայաստանում իր անվանն առնչվող մի շարք ոչ հաճելի դրվագներից, ինչպես, օրինակ, «ՎՌ-ընդ ՋԻ պրոֆայլ» ընկերության հետ դատական գործընթացներն են, կամ՝ Արամի 23 շենքի ոդիսականը։
Ի դեպ, Աննա Հակոբյանը մի քանի հանդիպումներ է ունեցել շվեյցարահայ բարերարի հետ՝ հենց 2018 թվականից սկսած:
Այսպիսով, համաձայն www.e-register.am պաշտոնական կայքի՝ «Էյ Դաբլյու Այ գրուպ»-ի 84.08 % բաժնեմասը պատկանում է հայտնի գործարար Հրաչ Կապրիելյանին, մյուս շահառուն՝ իրավաբանական անձի նկատմամբ իրական (փաստացի) վերահսկողություն իրականացնելու հիմքով՝ Վարդան Սերմաքեշն է:
Ուշագրավ է, որ AWI-ն, բացի Փաշինյանի ու նրա տիկնոջ ֆավորիտ դառնալը, նաև պետգնումների ֆավորիտ մատակարարն է դարձել հատկապես 2018 թվականից հետո. ըստ պետգնումների armeps համակարգի՝ եթե մինչև 2018 թվականը «ԷՅ ԴԱԲԼՅՈՒ ԱՅ ԳՐՈՒՊ»-ի հետ կնքվել է մատակարարման 16 պայմանագիր, ապա 2018 թվականից հետո՝ շուրջ 75 պայմանագիր, որից 30-ը՝ մեկ անձ ընթացակարգով:
Ի դեպ, ընդամենն ամիսներ առաջ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը կրում է AWI ապրանքանիշի թանկարժեք ժամացույց, որը չի հայտարարագրել, ինչն էլ հայտնվել է ՀՀ հակակոռուպցիոն հանձնաժողովի ուշադրության կենտրոնում։