Արդյո՞ք ՀՀ ԱԳ նախարարությունը բեռները տեղափոխելուց առաջ ռուս խաղաղապահ զորակազմից ստացել է երաշխիքներ. պարզաբանում են ԱԳՆ-ից
Երեկ՝ հուլիսի 26-ին, 19 բեռնատարներով մոտ 400 տոնա հումանիտար բեռ է ուղարկվել Արցախի Հանրապետություն, որն ադրբեջանական կողմը թույլ չի տալիս հասցնել Ստեփանակերտ, բեռներն այս պահին գտնվում են Հակարիի կամրջի մոտ։ Ադրբեջանն առաջարկում է «բեռները Ստեփանակերտ հասցնել Աղդամի ճանապարհով»։
Նիկոլ Փաշինյանն էլ այսօր կառավարության նիստում հայտարարեց, որ սպասում են «ՌԴ խաղաղապահ զորախմբի ու պաշտոնական Բաքվի դրական արձագանքին։ Հումանիտար բեռի թույլ չտալն ընդամենը կհաստատի Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն իրականացնելու Բաքվի մտադրության մասին մտավախությունները»։
168.am-ը ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանից հետաքրքրվեց, թե մինչ հումանիտար բեռների տեղափոխումը, արդյո՞ք ՀՀ ԱԳՆ-ն բանակցել ու ռուս խաղաղապահ զորակազմից ստացել է երաշխիքներ, որ բեռները կհասնեն Ստեփանակերտ։
«Բեռների տեղափոխումը փորձել ենք առավելապես թափանցիկ կազմակերպել և բեռները գնալուց առաջ իմ գործընկեր Վարդան Սարգսյանը՝ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչը, այս հարցին արդեն պատասխանել է։ Նա ասել է, որ ռուս խաղաղապահների հետ մշտական կապի մեջ են, բեռները տեղափոխվելու են, և կսպասեն արձագանքին։
Տեսել եք վերջին հաղորդագրությունը, մենք փորձում ենք առավել օպերատիվ անդրադառնալ հարցին, այս պահին դրանից զատ ասելու բան չունեմ»,- նշեց Անի Բադալյանը։
Հարցին՝ ռուս խաղաղապահ զորակազմի հետ բանակցությունները հիմնականում վարել է արտգործնախարարությո՞ւնը, թե՞ կառավարության ղեկավարը, Անի Բադալյանը պատասխանեց.
«Մենք մշտապես համապատասխան կապուղիներով կապի մեջ ենք ռուս խաղաղապահների հետ, ավելին չեմ ասում, քան այն, ինչ կա։
Թե ո՞ր կապուղիներով և ո՞ւմ կողմից, սա արդեն հստակ Կառավարության կողմից ստեղծված աշխատանքային խումբն է և իրականացնում է բեռների տեղափոխումը, որն իրականացվեց դիվանագիտական ներկայացուցիչների ներկայությամբ»։
Նշենք, որ այսօր Վարդան Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ արդեն մոտ 20 ժամ է՝ բեռնատարները սպասում են Հակարիի կամրջի հատվածում։
«Իմ թիկունքում դուք տեսնում եք բեռնատարները, ինչպես տեսնում եք, որևէ տեղաշարժ դեռ չկա։ Գործընթացը պահանջում է որոշակի ըմբռնում, համբերատար մոտեցում ու քայլերի որոշակի հաջորդականություն։ Մենք դեռևս որևէ արձագանք չենք ստացել։
Սահմանված կարգով դիմել ենք ռուս խաղաղապահ ուժերին և համապատասխան օղակներով դիմել ենք ադրբեջանական կողմին, ինչպես արդեն նշեցի, այս պահին դեռևս պատասխան չունենք»,- ասել էր Վարդան Սարգսյանը։