Իրանի հատուկ ծառայությունները շատ լավ տեղեկացված են՝ ՀՀ կառավարական և այլ օղակներում ով ում է ծառայում. Արփի Թոփչյան 

«Նիկոլ Փաշինյանն իրեն հատուկ աճպարարությամբ հերթական ինքնախոստովանական ցուցմունքը տվեց ԱԺ-ում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Բերդ» ՀԿ անդամ Արփի Թոփչյանը:

«Մենք հերթական աճպարարական ելույթին ականատես եղանք: Ցավոք, խնդիրն այն է, որ Հայաստանի քաղաքական դաշտում չկա այն գիտակցումը, որ նույնիսկ, եթե Նիկոլ Փաշինյանի բոլոր ասածները ճիշտ են, և ուղղակի նրան, մեղմ ասած, պատին են դեմ տվել, կամ ինքն այդ մարդկանց չի վստահել, միևնույն է, ինքը շարունակում է մնալ ստեղծված իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն, որովհետև քաղաքականության մեջ դա աքսիոմա է, որ երկրում առկա իրավիճակի համար պատասխանատու է երկրի քաղաքական ղեկավարությունը, իսկ առավել ևս՝ պատերազմական իրավիճակում ամեն ինչի պատասխանատուն գերագույն գլխավոր հրամանատարն է: Որևէ քիչ թե շատ կայացած երկրում երկրի առաջին դեմքը չի կարող աճպարարությամբ իր պատասխանատվությունը պատվիրակել ուրիշներին, դա հնարավոր է միայն քաղաքականապես տհաս հանրություններում, որտեղ չկա այն գիտակցումը, որ եթե երկրի ղեկավարն ինչ-որ հրաման է արձակում, ու այն չի կատարվում, ուրեմն՝ ինքն է առաջին հերթին մեղավորը: Նշանակում է՝ ինքը չի ընտրել այն կադրերին, որոնց պետք էր ընտրել, կամ ինքն իր տեղում չի գտնվում, որովհետև ծիծաղելի է, երբ երկրի առաջին դեմքն ԱԺ ամբիոնից ի լուր աշխարհի հայտարարում է, որ ինքն արել է կարգադրություններ, որոնք չեն կատարվել»,– ասաց նա:

Արփի Թոփչյանը Նիկոլ Փաշինյանի ելույթը համարում է էմոցիոնալ, քաղաքականապես ոչ հասուն լսարանի համար ունեցած ելույթ, իշխանությունը պահելու հերթական փորձ.

«Փորձ է արվում պատասխանատվությունն ուրիշների վրա բարդելով՝ սեփական իշխանության հարց լուծել»:

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ Ադրբեջանի հետ հնարավոր չէ ստորագրել խաղաղության պայմանագիր.

«Ադրբեջանի հետ հնարավոր է ստորագրել միայն Հայաստանի վերջնական կապիտուլյացիայի պայմանագիր: Եթե չկան ռեսուրսներ, ինչպես հայտարարում է իշխանությունը, եթե չկան դաշնակիցներ, աշխարհը մեր դեմ է ելել, և այլն, դա ևս մեկ անգամ փաստում է, որ այդ մարդիկ քաղաքականության մեջ տգետ են, որևէ բան չեն հասկանում, ի վիճակի չեն լուծել երկրի առջև ծառացած խնդիրները, հետևաբար՝ ոչ թե պետք է գնան կապիտուլյացիայի պայմանագիր ստորագրեն, այլ իրենց տեղն ազատեն այն մարդկանց համար, ովքեր բավականաչափ գիտելիք, կամք ունեն՝ թե՛ եղած ռեսուրսները ճիշտ տնօրինելու, թե՛ Հայաստանի շահերը ձևակերպելու, որովհետև դաշնակիցներ հայտնվում են այն բանից հետո, երբ դու ի լուր աշխարհի հայտարարում ես քո շահերի մասին և պատրաստվում ես քո շահերը պաշտպանել: Այդ շահերը ձևակերպելուց հետո, Հայաստանի՝ որպես պետության, քաղաքական նպատակը ձևակերպելուց հետո, բոլոր քայլերը հնարավոր է անել»:

Նա շեշտեց՝ հասարակությունը պետք է թույլ չտա, որ իրեն խաբեն խաղաղության մասին հայտարարություններով, որովհետև պատերազմը չի ավարտվել.

«Պատերազմի այլընտրանքը կապիտուլյացիան է, որից հետո հայկական գործոնի վրա, հնարավոր է՝ խաչ քաշենք: Հանրությունը պետք է հարց տա իրեն՝ ուզո՞ւմ է պետություն ունենալ, թե՞ ոչ: Պատերազմը ոչ մի տեղ չի գնացել»:

Արփի Թոփչյանն ընդգծեց.

«Հայաստանի և Արցախի իշխանությունները ծառայում են ռուս-թուրքական դաշինքին. նրանք ամբողջովին գործում են հայկական ազգային պետական շահերի դեմ: Եվ խոսքը միայն իշխանությունների մասին չէ, խոսքը Հայաստանի և Արցախի քաղաքական դաշտի մեծամասնության մասին է: Սա է իրականությունը: Հայաստանը՝ Արցախը ներառյալ, փաստացի ինքն իր ճակատագիրը որոշող երկիր չէ, որովհետև սպասարկում է այլ ուժային կենտրոնների շահեր: Իսկ եթե մենք խոսում ենք մի երկրի մասին, որտեղ իշխանությունը քո շահերը չի սպասարկում, այլ հակառակը՝ հակապետական գործունեություն է իրականացնում, այդ դեպքում երկրի ներսում գործողությունների տրամաբանությունն այլ է լինում»:

Հարցին՝ այդ տրամաբանությամբ՝ Հայաստանի իշխանությունների հակառուսական քաղաքականությունը շղա՞րշ է, որովհետև նրանք ակնհայտորեն Արևմուտքի հետ են ավելի ինտենսիվ աշխատում, նա պատասխանեց.

«Հայաստանի իշխանություններն անում են հակառուսական հայտարարություններ, բայց փաստացի շատ ավելի են ուժեղացրել Ռուսաստանի դիրքերը Հայաստանում: Բնականաբար, շղարշ է, որովհետև Ռուսաստանը քաղաքական խնդիր ունի՝ հերթական անգամ մեղքը գցել հայերի վիզը. հայերն իրենց վատ պահեցին, դրա համար տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ»:

Ճշտող հարցին՝ այդ դեպքում ովքե՞ր են մեր դաշնակիցները, նա պատասխանեց.

«Ես ասացի՝ դաշնակից ունենալու համար նախ պետք է ձևակերպես քո շահը, որովհետև երբ գալիս քեզ հետ խոսում են, պետք է հասկանան՝ ում հետ են խոսում, խոսում են Հայաստանի հետ, ով պատրաստ է ամեն ինչից հրաժարվե՞լ, թե՞ Հայաստանի հետ, ով պատրաստ է ձևակերպել իր շահերը և պատրաստ է կռիվ տալ: Զուտ քաղաքակրթական և ռազմավարական դաշինքի տեսակետից լրջագույն պոտենցիալ ունի Հնդկաստանի հետ մեր դաշնակցությունը, որովհետև սա այն երկիրն է, որի հետ մեր շահերը մեծագույն հատվածով համընկնում են: Եթե մենք բավականաչափ քաղաքական սուբյեկտայնություն ենք ցուցաբերում, կարող ենք շատ լուրջ հատման կետեր գտնել Իրանի հետ: Երբ որ Հայաստանի իշխանությունները կսպասարկեն Հայաստանի շահերը, այլ ոչ թե ուրիշ ուժային կենտրոնների, մասնավորապես՝ ռուս-թուրքական, այդ ժամանակ Իրանից էլ և այլ տեղերից էլ առաջարկներ կլինեն: Վստահ եմ, որ այս ընթացքում միայն Իրանից չէ, որ առաջարկներ եկել են, բայց եթե Իրանից բարձրաստիճան զինվորականներ գալիս ու իրենց դիմաց տեսնում են տգետ, ապիկար, այլ երկրների գործակալ անձանց, իսկ ի տարբերություն մեզ՝ վստահ եմ՝ Իրանի հատուկ ծառայությունները շատ լավ տեղեկացված են, թե կառավարական և այլ օղակներում ով ում է ծառայում, իրենք ի՞նչ են իրենց հետ խոսելու, ի՞նչ առաջարկ են անելու, հետևաբար՝ մենք ի՞նչ կարող ենք ակնկալել: Ինչպես ասել է Թումանյանը՝ ներսից պետք է լինի փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս