Փախստականների խնդիրը պետք է ներառվի հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում․ Զեյնալյան

Ադրբեջանից ու Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայ փախստականների պարագայում գործ ունենք ոչ միայն անձանց սեփականության իրավունքի խախտման, այլև ինքնության իրավունքի նկատմամբ միջամտության հետ, որը պաշտպանվում է անձնական կյանքի, հարգանքի իրավունքի համատեքստում, հետևաբար, եթե լինեն դատական ակտեր, որոնք կարձանագրեն վերոհիշյալ իրավունքի խախտումը, ապա պետությունը կարող է համապատասխան քայլեր ձեռնարկել։

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։

Նրա պնդմամբ՝ այստեղ կա նաև ցեղասպան քաղաքականության տարր, որ Ադրբեջանն իրականացնում է էթնիկ հայերի նկատմամբ, ինչի վերաբերյալ միջազգային ներկայացուցչի գրասենյակին ՀՀ վարչապետը հանձնարարել է ուսումնասիրություններ անել և անհրաժեշտության դեպքում դիմում ներկայացնել ՄԱԿ-ի փախստականների հարցերով մասնագիտացված հանձնաժողովին։

«Այդ առթիվ պետք է լինեն ՄԱԿ-ի կողմից մշակված մեխանիզմներ, որոնք կգործադրվեն Ադրբեջանի դեմ, որպեսզի վերացվեն ցեղասպանության հետևանքներն ու փախստականներին հնարավորություն ընձեռվի վերադառնալ իրենց բնօրրանները, որպեսզի հավուր պատշաճի պաշտպանվեն նրանց իրավունքները։ Կարող են լինել նաև միջպետական համաձայնագրերով սահմանված մեխանիզմներ, որպեսզի պետություններից յուրաքանչյուրը ստանձնի իր տարածքում գտնվող և հակառակորդի կողմից տարհանված, տեղահանված, փախստական դարձած անձանց իրավունքների պաշտպանությունը»,- ասաց Զեյնալյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե իրատեսակա՞ն է արդյոք հայ փախստականների վերադարձն իրենց բնօրրաններ, եթե Ադրբեջանը փաստացի այս պահին շարունակում է էթնիկ զտման քաղաքականություն իրականացնել արցախահայերի նկատմամբ, իրավապաշտպանն ընդգծեց, որ այդ խնդիրը պետք է անպայման ներառվի հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում, որպեսզի ստանա իրավական լուծում։

«Միջազգային իրավական հարթակն ու բանակցային գործընթացը պետք է օգտագործվեն զուգահեռաբար, որովհետև նշված երկու ուղղությունները լրացնում են մեկը մյուսին՝ մեծացնելով իրավունքի գերակայության սկզբունքի համատեքստում փախստականների խնդրի լուծման հավանականությունը»,- նշեց Զեյնալյանը։

ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանն էլ իր հերթին «Արմենպրես»-ի հետ զրույցում հիշեցրեց, որ փախստականների խնդիրն ունի ավելի քան 30 տարվա պատմություն, առաջին մեծ հոսքը եղել է 1988-92 թվականներին, երբ մեր 360 հազար հայրենակիցները բռնագաղթեցին Ադրբեջանից, ինչը հիմք դարձավ Հայաստանում նրանց մասին օրենքի ընդունման համար։ Մեր հայրենակիցներից շատերն ընդունել են ՀՀ քաղաքացիություն, մի մասը պահպանել է փախստականի կարգավիճակը, զգալի մասն էլ մեկնել է տարբեր երկրներ։ Դավթյանի տեղեկացմամբ՝ այսօր Ադրբեջանից բռնագաղթած մեր հայրենակիցների թվաքանակը կազմում է մի քանի հազար։

Կառավարությունը տարեկան պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով փորձում է կյանքի կոչել փախստականների բնակարանային ապահովման ծրագիրը։ Առաջին փուլում լուծվել են Ադրբեջանից բռնագաղթած և անօթևան մնացած 112 ընտանիքների՝ 30 տարվա վաղեմություն ունեցող բնակարանային խնդիրները։ Ծրագիրն իրականացվում է բռնագաղթած ընտանիքների հետ պայմանագրեր կնքելու միջոցով։ Օրենսդրորեն նախապես սահմանվել են բնակարանների գնման վկայագրերի տրամադրման պայմանները, վճարման կարգը։ Վկայագրի միջոցով բնակարանի ձեռքբերման ժամկետը սահմանվել է 1 տարի՝ առանց ժամկետի երկարաձգման հնարավորության։

Հաշվի առնելով պահանջվող ֆինանսական միջոցների բավականաչափ մեծ ծավալը՝ նպատակահարմար է համարվել Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարանային ապահովության խնդիրը լուծել ոչ թե մեկ ընդհանուր ծրագրի շրջանակներում, այլ այն տարանջատել ըստ առաջնահերթության և փուլերի` մշակելով առանձին համապատասխան ենթածրագրեր, որոնց լուծումն ավելի իրատեսական է:

«Հետագա փուլերում Երևան քաղաքում բաժանվել է ավելի քան 270 բնակարանային վկայագիր, որոնց 80 տոկոսն արդեն իրացվել է։ Հունիսի 23-ին մեկնարկելու է ծրագրի չորրորդ՝ վերջին փուլը, որն իրականացվում է մարզերում, որտեղ Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքներին, որոնք մինչ օրս ապրում են ժամանակավոր կացարաններում, կտրամադրվեն բնակարանի գնման վկայագրեր։ Արդեն իսկ ծանուցվել են 190 հավակնորդ շահառուները։ 164 հոգի ներկայացրել է համապատասխան դիմում։ Բնակարանային վկայագրերի առաջին խմբաքանակը կհատկացվի Արարատի մարզի հասցեատերերին»,- տեղեկացրեց Նելլի Դավթյանը։

Մանվել Մարգարյան

Տեսանյութեր

Լրահոս