«10-15 րոպե կրակել են. նման բան չի կարող լինել, եթե մեր կառավարությունը դրա դեմն առնի». Երասխի գյուղապետ

Արարատի մարզի Երասխ գյուղի ղեկավար Սարո Այվազյանի խոսքով՝ Ադրբեջանի կրակոցներից հետո գյուղում բնակիչների տրամադրությունը նորմալ է, իրենց բերքահավաքի գործերով են զբաղված։

«10-15 րոպե կրակել են հենց հիմնարկի վրա, այդ բազայի վրա։ Թիրախավորել են հիմնարկը և ուզում են այդ թիրախով ազդեն, որպեսզի հիմնարկը չկառուցվի, ուրիշ ոչ մի բան։ 6-7 ամիս է, ինչ սկսվել է հիմնարկի կառուցումը, սա ուղղակի աբսուրդ էր»,- Երասխում լրագրողների հետ զրույցում ասաց գյուղապետը։

Ըստ գյուղապետի, տարուց ավելի է՝ ադրբեջանական կողմը Երասխի ուղղությամբ չէր կրակել, գուցե կրակոցներ եղել են, բայց դրանք գյուղին չեն հասել։

«Սա առաջին անգամ է եղել»,- հավելեց նա։

Հարցին՝ նպատակահարմար գտնո՞ւմ է այդ գործարանի կառուցումը, եթե պետք է Ադրբեջանը թիրախավորի գյուղը, Սարո Այվազյանը պատասխանեց՝ միանշանակ։

«Նման բան չի կարող լինել, եթե մեր կառավարությունը դրա դեմն առնի, ես դա չեմ կարող որոշել, դա մեր կառավարության ու ՊՆ-ի հարցերն են, իրենք կարող են այդ հարցին պատասխան տալ, ես չեմ կարող։ Ամեն ինչ պետք է պետական մակարդակով լինի, այդ հարցում ես կարող եմ իմ տեղը պատասխանել, իսկ իմ պատասխանն այն է, որ ես 90 թվականից կռվել եմ մինչև 44-օրյա պատերազմի վերջին օրը»,- նշեց Երասխի գյուղապետը։

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, Երասխի գյուղապետն ասաց, որ կողմ է այդ պայմանագրի կնքմանը, քանի որ երիտասարդներ են կորցնում, պետք չէ։

Նշենք, որ հունիսի 13-ին ադրբեջանական կողմը կրակել էր Երասխի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորվել էին օտարերկրյա երկու քաղաքացիներ, վնասվել մեքենա և քաղաքացիական օբյեկտ։ Կրակոցների թիրախում եղել է կառուցվող մետալուրգիական գործարանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս