Բաժիններ՝

Հնդկաստանի վարչապետը բացել է G20-ի երկրների նախարարական հանդիպումը

«Մեծ քսանյակի» երկրները պետք է ավելացնեն ներդրումները՝ կայուն զարգացման նպատակով: Այս մասին հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին զարգացման հարցերի շուրջ G20-ի երկրների նախարարական հանդիպման բացման ժամանակ։

Կայուն զարգացման բնագավառի նպատակներ է համարվում 17 փոխկապակցված նպատակներից բաղկացած պլանը, որը մշակվել է 2015 թ.-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից՝ որպես «բոլորի համար ավելի լավ և ավելի կայուն ապագայի հասնելու պլան»:

«Ես խորապես հավատում եմ, որ մեր հավաքական պատասխանատվությունն այն է, որպեսզի թույլ չտանք հետ մնալ կայուն զարգացման նպատակներին հասնելու գործում: Մենք պետք է հոգ տանենք, որ ոչ ոք չմնա մի կողմում: Այս խմբի համար չափազանց կարևոր է համոզիչ ազդակ հղել աշխարհին առ այն, որ մենք գործողությունների պլան ունենք այդ նպատակին հասնելու գործում: Մեր ջանքերը պետք է լինեն համապարփակ, ներառական, արդար և կայուն: Մենք պետք է ավելացնենք ներդրումները կայուն զարգացման նպատակներին հասնելու գործում և լուծումներ գտնենք պարտքային ռիսկերը հաղթահարելու համար, որոնց բախվում են շատ երկրներ։ Բազմակողմ ֆինանսական հաստատությունները պետք է բարեփոխել ընտրության չափանիշներն ընդլայնելու համար`ապահովելով ֆինանսավորման հասանելիությունը կարիքավորների համար», – հայտարարել է Մոդին:

Նա G20-ի երկրների նախարարներին հորդորել է ուսումնասիրել Հնդկաստանի փորձը, որը երկրի ավելի քան 100 թույլ զարգացած շրջաններ դարձրել է աճի կատալիզատորներ, և ընդգծել է տեխնոլոգիաների թվայնացման ու ժողովրդավարացման անհրաժեշտությունը։

«Հնդկաստանում թվայնացումը հանգեցրել է հեղափոխական փոփոխությունների: Տեխնոլոգիաները որպես գործիք օգտագործվում են մարդկանց իրավունքները և հնարավորություններն ընդլայնելու, տվյալների հասանելիությունն ու ներառականությունն ապահովելու համար: Հնդկաստանը պատրաստ է իր փորձը կիսել գործընկեր երկրների հետ», – հավելել է վարչապետը:

Հնդկաստանը «Մեծ քսանյակի» նախագահությունն ստանձնել է անցյալ տարվա դեկտեմբերի 1-ին։ Նյու Դելին իր նախագահության ժամանակաշրջանում ավելի քան 200 հանդիպում կանցկացնի խմբի շրջանակներում, սակայն ԱԳ նախարարների հանդիպումը ամենակարևոր իրադարձություններից մեկն է G20-ի ղեկավարների եզրափակիչ գագաթնաժողովի նախաշեմին, որը սեպտեմբերի 9-10-ը անցկացվելու է Հնդկաստանի մայրաքաղաքում, որից հետո նախագահությունը փոխանցվելու է Բրազիլիային։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս