«Ահա ինչու է սատանի ճուտն իր դիվախորհուրդ խամաճիկներով պայքարում Եկեղեցու դեմ». Տեր Ահարոն

Մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ կրկին անդրադարձավ Հայ Առաքելական եկեղեցուն ու հայ հոգևորականությանը։

Հիշեցնենք նաև, որ դրանից առաջ Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, հանդիպել էր աշակերտների հետ և նրանցից մեկի՝

պետություն-եկեղեցի հարաբերությունների մասին հարցին պատասխանել էր.

«Եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեություն ծավալել, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, կարող է նաև քաղաքական գործունեություն ծավալել, ոչ մի բան չի խանգարում, որ կուսակցություն ստեղծեն ու դրա շրջանակներում նաև քաղաքական գործունեություն ծավալեն, ինչը, կարծում եմ, ավելի ազնիվ կլինի, և ընտրողների առաջ էլ, և այլ քաղաքական մրցակիցների հետ էլ կլինեն նույն հարթության վրա: Բայց եկեղեցին չի կարող բարձր լինել պետությունից, չի կարող»:

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանն արձագանքել էր Մայր Աթոռի Դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը.

«Եթե ոմանք ուզում են եկեղեցագիտությամբ զբաղվել, կարող են փորձել ընդունվել Հոգևոր ճեմարան, եթե, իհարկե, հաղթահարեն ընդունելության համար սահմանված կրթական շեմը և համոզիչ փաստարկներ ներկայացնեն առողջական բարվոք վիճակի վերաբերյալ»։

Եվ ահա այս շաբաթվա սկզբին լրագրողների հարցերին պատասխանելիս՝ Նիկոլ Փաշինյանը հակադարձելով Մայր Աթոռի դիվանապետին՝  ասել էր.

«Եկեղեցու որոշ ներկայացուցիչներ անցել են վիրավորական բառապաշարի: Ես չեմ պատրաստվում վիրավորական բառապաշարով հակադարձել, կասեմ ընդամենը հետևյալը. եթե եկեղեցու մասին իմ արտահայտությամբ անպատեհ մեղադրանքի ֆոն եմ ստեղծել իրենց հոգևոր ծառայությունը բարեպաշտ և ազնիվ ձևով իրականացնող բազմաթիվ այլ հոգևորականների նկատմամբ, ես ուզում եմ նրանցից ներողություն խնդրել: Հայտարարության մեղադրանքներին չեմ հակադարձի մեղադրանքներով, որովհետև քաղաքական մրցակիցներին վիրավորելը ճիշտ ժանր չէ: Տեսնում եք, որ ես փորձում եմ այդ ժանրից հրաժարվել: Ինչ վերաբերում է ճեմարան ընդունվելուն, ես հույս ունեմ, որ հոգևոր ճեմարան ավարտած և բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած բոլոր անձինք հոգևոր ճեմարան ընդունվելիս և ավարտելիս բավարար փաստարկներ և փաստեր ներկայացրել են իրենց հոգևոր, մարմնական, ընդհուպ մինչև սեռական առողջության վերաբերյալ: Համոզված եմ, որ ներկայացրել են, մտահոգվելու բան չկա»։

168.am-ի հետ զրույցում Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանն անդրադարձավ իշխանությունների, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին՝ ուղղված եկեղեցուն։

Տե՛ր հայր, ո՞րն է Հայ Առաքելական եկեղեցու ու հոգևորականների հանդեպ իշխանությունների ոչ բարեկիրթ վերաբերմունքի պատճառը։

– Ի սկզբանե սատանան պայքարել է Քրիստոսի Եկեղեցու դեմ:

Եկեղեցու դեմ պայքարում է սատանան՝ իր խամաճիկ ստրուկների միջոցով, որոնք ի վերջո դժոխքի բաժին են դառնալու:

Եկեղեցու դեմ պայքարողները հայի թշնամիներն են, և ես կոչ եմ անում հայ ազգին, որպեսզի իր քաջությամբ հայի թշնամիներին օգնի, որ շուտ դժոխքի մատնվեն: Այսօր Հայաստանում լի են քրիստոսատյաց աղանդավորները, անհայրենիք սորոսականները և դիվապաշտ այլասերականները, այդ ամենի դեմ կանգնած է Քրիստոսի Հայ Առաքելական եկեղեցին, որտեղ հենց Ինքը ՝ Քրիստոս իջավ, և հենց Քրիստոսից տրվածով կառուցվեց Էջմիածինը, այսինքն՝ Միածնի Իջման վայրում կառուցվեց Մայր Տաճարը, և հենց դրա դեմ էլ պայքարում են այդ դևերը:

Ասում են՝ մարդու օրգանիզմում որդերն ու բակտերիաները պայքարում են իմունիտետի դեմ, բողոքում են, թե իմունիտետը խանգարում է իրենց զարգանալու, աճելու ու բազմանալու, և ազատություն են պահանջում:

Նրանց տալիս են անհրաժեշտ այդ ազատությունը: Կարճ ժամանակ իրենց լավ են զգում, բայց այդ ժամանակը կարճատև էր. շուտով տեսնում են, որ մութ է, հետո զգում են, որ ցուրտ է, ու օդ չկա շնչելու, պարզվում է, որ մարդը մեռել է:

Եկեղեցին ազգի իմունիտետն է, այ հենց դրա համար էլ այդ որդերն ու բակտերիաները պայքարում են Եկեղեցու դեմ:

Եթե Եկեղեցին հանենք հայի իրականությունից, այդ նույն աղանդավորները, սորոսականները և այլասերվածները կկործանեն հայ ազգը:

Պատմության կամարներից ներս մտնելով՝ տեսնում ենք, որ երբ Հայոց թագավորությունը կորցրել ենք, Եկեղեցին է վերցրել իր ձեռքը հայապահպանության, հային հայ պահելու, հային Քրիստոսի մեջ հաստատելու գործը. ահավասիկ, հասել ենք 21-րդ դար, ահա ինչու է սատանի ճուտն իր դիվախորհուրդ խամաճիկներով պայքարում Եկեղեցու դեմ:

Նիկոլ Փաշինյանի ուզածն ի՞նչ է իրականում։

– Թուրքի ուզածն ի՞նչ է իրականում հայի համար:

Գիտե՞ք՝ դեսպանները տարբեր երկրներում իրենց երկրներն են ներկայացնում, դեսպանի բերանի ելած խոսքը համարվում է տվյալ պետության կարծիք, և եթե չեմ սխալվում, միջազգային օրենքներ, կոնվենցիաներ կան մշակված, որ դեսպանատան վրա հարձակումը հավասարազոր է տվյալ երկրի վրա հարձակմանը:

Քահանան Աստուծո բերանն է, Աստուծո դեսպանն է երկրի վրա, Արարչի ներկայացուցիչն է, պատկերացնո՞ւմ եք, և եթե որոշ հրեշներ, նրանց խամաճիկներ փորձում են իրենց վեր դասել, ապա ցավում եմ:

Գիտե՞ս, երբ սովետները նոր էին եկել, մեծ հալածանք սկսվեց Եկեղեցու դեմ:

Չեկիստները մտնում են մի եկեղեցի, պոկում են նկարները: Մարդիկ սարսափած նայում են այդ տեսարանին:

Չեկիստներից մեկը ասում է. «Ասում եք՝ Աստված կա, դե եթե կա, թող պատժի»:

Հավաքված մարդկանցից մեկը ասում է. «Արդեն պատժել է. խելքդ է առել»:

Ժողովրդական մի ասացվածք կա, չէ՞, ասում է. «Աստված ում ուզում է պատժել, սկզբից խելքն է առնում»:

Հրեշի խելքն առել է Աստված, իսկ մեռելների մասին երբեմն պետք է լռել:

Այս պահին, ինչպե՞ս պետք է եկեղեցին «դարձի» բերի իշխանություններին։

– Եթե նկատել եք, Եկեղեցին Վեհափառ Հայրապետի բերանով, բարձրաստիճան հոգևորականների և քահանայի բերանով հորդորում է, որ սթափվեն, մոլորությունից հետ դառնան, բայց գիտե՞ք՝ Քրիստոս էլ Հուդային էր հոդորում, որ հետ դառնա մատնության մտադրությունից, և անգամ ասաց. «Ձեզանից մեկը մատնելու է ինձ», ասաց, որ «Լավ կլիներ՝ ծնված չլիներ»,- բայց մատնեց, չէ՞:

Ես չգիտեմ պատմության մեջ մի դեպք, երբ որևէ դավաճան իր մահով սատկած լինի, և ես հաճախ եմ ասում, որ Հուդայի վերջը կախաղանն է:

Ազգային իմաստությունն ասում է. «Երբեք ամբոխի մաս մի՛ կազմիր, որովհետև ամբոխը միշտ ընտրում է Բարրաբային»:

Այդ ամբոխը խաչեց Քրիստոսին, այդ ամբոխը՝ «յան» ազգանունով, ընտրեց երիտթուրքերին, որոնք հետո պիտի Հայոց ցեղասպանություն իրականացնեին, այդ ամբոխը Գերմանիայում ընտրեց Հիտլերին, և վերջապես այդ ամբոխը Հայաստանում ընտրեց հրեշների խունտային, բայց այդ մասին, եթե առիթ լինի, կխոսեմ առաջիկայում:

Թող Աստված օրհնի հայ ազգին, հային ու հայի Հայրենիքը և բյուր հաղթանակներ պարգևի չարի դեմ պատերազմում: Ամեն:

Տեսանյութեր

Լրահոս