Բաժիններ՝

ԱՄՆ-ն Իսրայելին առաջարկել է համատեղ ռազմական պլանավորում իրականացնել Իրանի վերաբերյալ. Axios

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մի քանի շաբաթ առաջ Իսրայելի իշխանություններին առաջարկել է համատեղ ռազմական պլանավորում իրականացնել Իրանի վերաբերյալ։ Այդ մասին հայտնել է Axios հարթակը՝ վկայակոչելով երկու երկրների պաշտոնատար անձանց։

Լրատվամիջոցի հետ զրույցում ամերիկացի 3 պաշտոնյաները նշել են, որ առաջարկն աննախադեպ է և կարող է լրջորեն ամրապնդել ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական համագործակցությունը: Աղբյուրները շեշտել են, որ այս առաջարկը «չի վերաբերում Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի և Իսրայելի որևէ համատեղ հարվածի պլանավորմանը»։

Ինչպես Axios-ին հայտնել է ԱՄՆ պաշտոնյաներից մեկը, նման համատեղ պլանավորումը նշանակում է, որ կողմերը միմյանց կհայտնեն իրենց ծրագրերի մասին զանազան անկանխատեսելի դեպքերում և կարող են քննարկել, թե ինչպես լավագույնս լուծել տարբեր հարցեր, որոնք կարող են ծագել տարածաշրջանում Իրանի գործողությունների պատճառով։

Նշվում է, որ առաջարկը նպատակ ունի Իսրայելին ևս մեկ անգամ հավաստիացնել ԱՄՆ ռազմական աջակցության հարցում և ոչ թե «կապել Իսրայելի ձեռքերը»:

Մինչդեռ, ըստ Axios-ի տվյալների՝ իսրայելցի պաշտոնատար անձինք առայժմ կասկածանքով են վերաբերվում առաջարկին։ Նրանք մտավախություն ունեն, թե դա փորձ է՝ «կապելու Իսրայելի ձեռքերը» և թույլ չտալու գործողություններ ձեռնարկել Իրանի, հատկապես՝ այդ երկրի միջուկային օբյեկտների դեմ, եթե ԱՄՆ-ն առարկություններ ունենա: Հրեական պետության իշխանությունները չեն մերժել այս գաղափարը, բայց խնդրել են պարզաբանել, թե գործնականում ինչ է նշանակում «համատեղ ռազմական պլանավորումը»։

Axios-ի աղբյուրները նշել են, որ առաջարկն արվել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի, ԱՄՆ զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեի նախագահ Մարկ Միլիի և ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության հրամանատար գեներալ Էրիկ Կուրիլայի`Իսրայել կատարած վերջին այցերի ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս