Բրյուսելյան վտանգավոր թեզերն ու հայկական շահի անտեսումը
ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը 168.am-ի հետ զրույցում խոսելով մայիսի 14-ին Բրյուսելում տեղի ունեցած Միշել-Փաշինյան Ալիև հանդիպումից և դրան հաջորդած Շառլ Միշելի հայտարարության մասին, մի քանի թեզեր առանձնացրեց։
Գարիկ Քեռյանի կարծիքով՝ բրյուսելյան, ինչպես նաև մայիսի սկզբին տեղի ունեցած վաշինգտոնյան հանդիպումն արդյունավետության տեսանկյունից կարելի է համարել գրեթե անարդյունավետ, քանի որ ո՛չ Բրյուսելում, ո՛չ Վաշինգտոնում չհանրայնացվեց ոչ մի փաստաթուղթ, կամ նախաստորագրված որևէ պայմանագիր, եռակողմ հայտարարություն, որը թույլ կտա ասելու, որ ինչ-որ արդյունքի են հասել։ Ըստ նրա՝ առայժմ երկու հարթակներում էլ հանդիպումներն ավարտվել են Բլինքենի և Շառլ Միշելի բաժակաճառերով, որը միշտ մենք լսում ենք։
«Վտանգ առաջին՝ վերցված է Ադրբեջանի տարածքը 86.600 քկմ տարածքով, սա այն տարածքն է, որ եթե մենք բացենք Խորհրդային հանրագիտարանը՝ Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության տարածքը նշված է սա՝ Լեռնային Ղարաբաղով հանդերձ։ Իհարկե, սա միանշանակ նշանակում է, որ այս տարածքով պետությունն իր մեջ ընդգրկում է Լեռնային Ղարաբաղը։ Բայց այստեղ չի նշվել Լեռնային Ղարաբաղով հանդերձ, այլ նշվել է քառակուսի կիլոմետրը։ Սա ինչ-որ տեղ չեմ կասկածում, որ Ադրբեջանի ցանկություններին դեմ է, որովհետև Ալիևը բազմիցս պնդել է, որպեսզի նշվի տարածքային ամբողջականություն՝ Ղարաբաղով հանդերձ, հիմա «Ղարաբաղով հանդերձ» բառը հանվեց, մտցվեց կիլոմետրը։
Վտանգ երկրորդ՝ եթե 29.800 քկմ տարածք ասելով՝ նկատի ունեն 1970-80-ականների խորհրդային Հայաստանի տարածքը, ապա այստեղ Ադրբեջանը կարող է իր ձեռքերը երկարացնել «անկլավային» գյուղերի ուղղությամբ, որոնք նախկինում եղել են Խորհրդային Ադրբեջանի կազմում, իհարկե, առանց որևէ իրավական ու միջպետական պայմանագրի»,- նշեց Գարիկ Քեռյանը։
Ըստ քաղաքագետի՝ երրորդ վտանգն այն է, որ Բրյուսելում արվում է հայտարարություն տարածքների չափի մասին՝ առանց նշելու, թե այդ տարածքներն ինչպես են ճշտվելու, քանի որ ո՛չ Բրյուսելում, ո՛չ Վաշինգտոնում չունեն այն հիմնարար փաստաթղթային բազան, որով ապագայում Հայաստանն ու Ադրբեջանը հիմնվելով դրա վրա, իրականացնեն սահմանագծում և սահմանազատում։
«Միայն ռուսական կողմն է տիրապետում և՛ այդ փաստաթղթերին, և՛ այդ գործիքակազմին։ Բնականաբար, ամորֆ արված հայտարարությունները կարող են հետագայում վտանգավոր լինել, քանի որ կարող են ձգել աջ ու ձախ, որի արդյունքում մենք կունենանք նոր տարածքային կորուստներ։
Մի փոքր հույս է ներշնչում այն, որ խոսվում է Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության մասին։ Իհարկե, այստեղ Ադրբեջանի մոտ կարող են մտահոգություններ առաջանալ, թե այդ իրավունքների և անվտանգության ապահովումն ինչ ձևաչափով է լինելու։ Եթե ապագայում հայկական կողմը պահանջի, որ անվտանգության և իրավունքների պաշտպանությունը կարող է լինել միայն բարձր կարգի ինքնավարությամբ, ապա Ադրբեջանը նման փաստաթուղթ չի ստորագրի, ինչպես ասել է, 30 տարվա բանակցային գործընթացում չի ասել։ Նրանց հիմքն այն է, որ Ադրբեջանի գերագույն խորհուրդը 90-91 թվականներին լուծարել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, և իրենք ասում են, որ իրավունք չունենք Գերագույն խորհրդի որոշումը չեղարկել։ Իսկ եթե լուծարել են, ապա մնում է այն, ինչ Ալիևն է ասում՝ ինտեգրել արցախահայությանն Ադրբեջանի սոցիոմշակութային տարածության մեջ, իսկ այդ «ինտեգրման» փորձը մենք Նախիջևանում տեսել ենք»,- հավելեց քաղաքագետը։
Միաժամանակ նա ընդգծեց՝ բրյուսելյան և վաշինգտոնյան հարթակներ գնալը և ժամավաճառությունը հակասում է հայկական շահին, քանի որ այն հարուցում է ռուսական կողմի հակազդեցությունը՝ քաղաքական խանդը։
«Եթե նկատի ունենանք, որ միակ փաստաթուղթը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է, և որևէ այլ փաստաթուղթ չկա, ուրեմն նշանակում է՝ թողնել Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ձևաչափը և պտտվել արևմտյան մայրաքաղաքներում՝ առանց լուրջ արդյունքների։ Սա արդեն ինքնըստինքյան կարող է նպաստել ռուս-ադրբեջանական մերձեցման, որն ամենավտանգավորն է, քանի որ տարածաշրջանում դեռևս գերիշխանությունն ու ռազմաքաղաքական ներկայությունը Ռուսաստանինն է։ Դրան զուգահեռ՝ Արցախում բնակչության 90 տոկոսից ավելին իր անվտանգության և գոյության միակ երաշխավոր, թերևս, տեսնում է Ռուսաստանին։ Սա նշանակում է որոշակի սառեցում մտցնել Արցախի բնակչության և Հայաստանի իշխանությունների միջև, ինչը կարող է ներքին պառակտիչ ազդեցություն ունենալ»,- եզրափակեց Գարիկ Քեռյանը։