Անհետ կորած զինվորների ծնողները ՀՀ ՄԻՊ-ին են ներկայացրել իրենց հուզող հարցերը
Գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ծնողներն ապրիլի 25-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին են ներկայացրել իրենց հուզող հարցերը:
Ինչպես տեղեկանում է ՄԻՊ-ի գրասենյակից, հանդիպման ընթացքում ծնողները բարձրացրել են իրենց զավակների ճակատագրերի վերաբերյալ տեղեկություններ ստանալու, դատագենետիկական փորձաքննությունների արդյունքների և քրեական վարույթների հետ կապված մի շարք հարցեր:
Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ նշել է, որ ծնողների բարձրացրած հարցերն իր ամենօրյա հատուկ ուշադրության ներքո են: Պաշտպանի իրավասության սահմաններում ներպետական և միջազգային կառույցների ու դերակատարների հետ առաջնահերթ քննարկվում են զինծառայողների ճակատագրերի վերաբերյալ հարցերը:
44-օրյա պատերազմի մասնակից զինծառայողների ընտանիքների հետ հանդիպումները կրելու են շարունակական բնույթ: