Գեղարքունիքի մարզում հարգանքի տուրք մատուցվեց Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին
Ապրիլի 24-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Գավառի համայնքի ղեկավար կազմի, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի ներկացուցիչները Գավառ քաղաքում ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը հավերժացնող հուշաքարին:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ծաղկեդրման արարողությանը մասնակցեցին նաև Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Գավառի համայնքապետարանի աշխատակիցներ, մարզային և քաղաքային ենթակայության կրթամշակութային հաստատությունների ղեկավարներ և ուսուցիչներ, հանրակրթական դպրոցների աշակերտներ, անհատ քաղաքացիներ:
Ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների՝ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվեց մոմավառություն, մատուցվեց Սրբերի բարեխոսության կարգ՝ ձեռամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանի: Բարեխոսության կարգից հետո Գեղարքունյաց թեմի առաջնորդը հանդես եկավ համազգային միաբանության և նպատակների, հայրենի պետության և եկեղեցու շուրջ համախմբվելու կոչով։
Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին համաքաղաքային երթերով և ծաղկեդրումներով հարգանքի տուրք մատուցվեց նաև Սևան, Մարտունի, Վարդենիս և Ճամբարակ համայնքներում։ Սևանի, Մարտունու, Վարդենիսի և Ճամբարակի թեմական եկեղեցիներում ևս կատարվեց բարեխոսության կարգ և մոմավառություն։ Սևան քաղաքում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հուշաքարին ծաղիկներ են խոնարհել նաև Ֆրանսիայի Հանրապետության Գրենոբլի քաղաքապետարանի ներկայացուցիչները, ովքեր պաշտոնական այցով գտնվում են Գեղարքունիքի մարզում։ Մարզի կրթամշակութային հաստատություններում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակներին հիշատակին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթներ։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը հարգել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։ Գեղարքունիքի մարզպետի ուղեկցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը հարգել են նաև Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի նախագահ Ժան Պիեռ Բարբիեն և նրա գլխավորած պատվիրակության անդամները, ովքեր այս օրերին պաշտոնական այցով գտնվում են Հայաստանում։
Խոսրով Խլղաթյան