Չի բացառվում, որ Բրյուսելի նմանությամբ՝ Վաշինգտոնի միջնորդական ջանքերը ևս տապալվեն. վերլուծաբան

Մինչ Երևանն ու Բաքուն ամենաբարձր՝ Փաշինյան-Ալիև մակարդակով ուղերձներ են հնչեցնում՝ ինչպես միմյանց, այնպես էլ՝ ներքին լսարանի համար՝ խոսելով Խաղաղության պայմանագրի և Արցախի ապագայի մասին, ամերիկյան միջնորդությունը շարունակում է Երևան-Բաքու-Երևան այցերը՝ փորձելով բեկում մտցնել բանակցային գործընթացում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 14-ից Հայաստանի Հանրապետությունում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն, ով օրերս Երևանից մեկնեց Բաքու, ապա ՀՀ ժամանեց ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնը, որին հաջորդեց Լուիս Բոնոյի վերադարձը Երևան Բաքվից: Ապրիլի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն արդեն հանդիպել էր ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնին, ինչպես նաև ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյին:

Այսօր էլ համանախագահ Բոնոն հանդիպել է Նիկոլ Փաշինյանին:

ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն՝ Փաշինյանը կարևորել է ԱՄՆ վարչակազմի՝ տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման ուղղությամբ ներդրվող ջանքերը և ներկայացրել առկա առանցքային խնդիրների կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները: «Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ու ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ագրեսիվ քաղաքականությունն ու ռազմատենչ հռետորաբանությունը:

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ձևավորմանը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր»,- նշված է հաղորդագրությունում:

Վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին մեզ հետ զրույցում ասաց, որ բրյուսելյան հարթակի ցավալի ձախողումից հետո ակնհայտ է դառնում, որ Երևանն ու Բաքուն Միացյալ Նահանգներից, որպես միջնորդ, շատ ավելի մեծ սպասումներ ունեն:

«Խոսքն ինչպես այս հարթակում ապագա բանակցությունների օրակարգի, այնպես էլ հնարավոր պայմանավորվածությունների իրագործմանը հետամուտ լինելու մասին է: Հենց սա է պատճառը, որ հանդիպման նախապատրաստությունը երկար է տևում, կողմերից յուրաքանչյուրն ԱՄՆ-ից ինչ-որ հստակ ակնկալիք ունի՝ Երևանի դեպքում՝ ՀՀ տարածքային ամբողջականության երաշխավորում և միջազգային բանակցային մեխանիզմ Ստեփանակերտի ու Բաքվի միջև երկխոսության համար, իսկ Բաքվի դեպքում՝ հավաստիացում, որ Երևանն ընդունելու է բոլոր պայմանները սահմանազատման և Ղարաբաղի ապագայի վերաբերյալ:

Բաքվի դիրքորոշումն այս հարցում բավականին կոշտ է, դժվար է պատկերացնել, որ Բաքուն հրաժարվելու է իր մոտեցումից, ինչպես նաև համաձայնելու է բանակցել Ղարաբաղի ներկայացուցիչների հետ: Կարծում եմ՝ հենց սրանով էլ բարդ է բանակցային որևէ հարթակում կողմերի դիրքավորումը, քանի որ որևէ միջնորդ միայնակ չի կարողանում ստեղծել անհրաժեշտ հիմքը բանակցությունների համար: Եվ չի բացառվում նաև, որ իրավիճակը երկարաձգվի՝ հանգեցնելով սահմանային լարումների նոր էպիզոդների: Եթե Նահանգներին ևս չհաջողվի երկու կողմին մասամբ բավարարող օրակարգ հաստատել և դրանով իսկ հանդիպում կազմակերպել ու հետևել դրանց իրագործմանը, գուցե Վաշինգտոնը ևս կորցնի հնարավորությունը»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը:

Նրա խոսքով, դա հնարավորությունների պատուհան կբացի Ռուսաստանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համար, որը փաստացի չի գործում, բայց ձևաչափը դեռ կա, ու ելնելով աշխարհաքաղաքական զարգացումներից՝ կարող է վերականգնվել:

«Տեսանք, որ բրյուսելյան բանակցությունների տապալումը մեծ վնաս հասցրեց ընդհանուր գործընթացին՝ հանգեցնելով սեպտեմբերյան սրացմանը, հազվադեպ հանդիպումների ու վերջերս արդեն՝ հայ-ադրբեջանական սահմանին նոր միջադեպի: Եվ այս փուլը հուշում է, որ սխալները կարող են կրկնվել, ուստի շատ կարևոր է, որպեսզի ԱՄՆ-ը սխալ հաշվարկներ չանի:

Իհարկե, իրավիճակը բարդ է նրանով, որ կողմերից մեկին բացարձակ հարկավոր չէ միջնորդ, քանի որ ցանկանում է հարցեր լուծել երկկողմ ձևաչափով: Ադրբեջանը, ինչպես նախկինում դեմ էր ԵԱՀԿ Մինսկի խմբին, այսօր էլ դեմ է կարծես միջնորդներին և նրանց միջոցով Երևանի օրակարգի ներառմանն ընդհանուր բանակցային սեղան»,- ասաց վերլուծաբանը:

Տեսանյութեր

Լրահոս