Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործելակերպը. չի բացառվում, որ Արցախի ԱԺ խմբակցություններն ինձ սխալ են հասկացել. Նիկոլ Փաշինյան
Այսօր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Ալիևի վերջին հայտարարությանը, որով Ադրբեջանի նախագահը Հայաստանից պահանջում էր հայտարարել, որ Արցախը Ադրբեջան է, և վերջ։
«Կարծում եմ՝ Կառավարության զեկույցում անդրադարձել եմ տարածաշրջանային խնդիրներին։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է, և ես գնահատում եմ, որ Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործելակերպը։ Մյուս կողմից նաև արձանագրում ենք, որ հենց սադրանքի նպատակը դա է, որ իրադրության էսկալացիայի տանեն գործընթացները։ Մենք հանգիստ մեր քաղաքական հավասարակշռված գնահատականներով գնալու ենք առաջ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Խոսելով Արցախի ԱԺ խմբակցությունների երեկվա հայտարարության մասին, որը վերաբերում էր ՀՀ իշխանության գործողություններին, որով արցախահայության անվտանգությունը տարանջատում են նրա ինքնորոշման իրավունքից, Նիկոլ Փաշինյանը նկատեց.
«Կարծում եմ՝ այնուամենայնիվ իմ ելույթն ինչի մասին էր, ես ընդհանրապես ձեզ էլ, մեզ էլ, բոլորիս էլ խնդրում եմ և ակնկալում հետևյալը, մենք պետք է հարցը հասկանանք, հարցերի մեջ խորանանք։ Եթե մենք հարցի բովանդակությունը խորությամբ չենք ըմբռնում, անընդհատ սխալներ ենք գործում և գործել ենք։ Ես Արցախի ԱԺ կարծիքներին ուշադիր հետևում եմ, գնահտաում եմ և հարգանքով եմ վերաբերվում, բայց իմ ասածը ուրիշ բան է»։
Հարցին՝ այսինքն՝ Արցախի ԱԺ խմբակցություններն իր հայտարարությունը սխա՞լ են հասկացել, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ սովորաբար սխալ են հասկանում, և չի բացառվում, և այս անգամ էլ են սխալ հասկացել։
«Մեծ հաշվով սխալ հասկանալու բան էլ չկա, որովհետև իմ գնահատականները շատ հստակ են։ Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել հետևյալին, իսկ փաստարկների դաշտում ինչ հակափաստարկներ են հնչել։ Ասում եմ՝ եկեք գնահատականները թողնենք մի կողմ, որովհետև այն, ինչ ասում եք, գնահատականների մեջ ոչ մի նորություն չկա, սկսած՝ որ դավաճանություն է, որ դավաճանություն չէ։ Ես ասում եմ՝ հասկացանք դա, եկեք բովանդակության մեջ խորանանք և տեսնենք, թե ինչ է նշանակում այդ բովանդակությունը»,- հավելեց նա։
Հաջորդ հարցին՝ այդ ամենից զատ, հստակ կարո՞ղ է ասել՝ Ալիևի հետ համաձայնե՞լ է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ասելով՝ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ երեկ կամ առաջին օրը իր զեկույցում հստակ արձանագրել է, որ 2007 թվականի արձանագրումը՝ Մադրիդյան սկզբունքներով, ինքնորոշման ձևակերպումը տրված է այնպես, որ Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը՝ որպես Ադրբեջանի մաս։
«Ես ասում էի, մենք չառերեսվելով այս իրականության հետ, ստեղծել ենք զուգահեռ իրականություն, ցանկալի իրականություն, որը միջազգային ու աշխարհաքաղաքական իրականության հետ ոչ մի կապ չի ունեցել։ Ես ասում եմ, մենք այս իրադրության հետ պետք է առերեսվենք։ Ես մեր հարգելի ընդդիմադիրներին ասում եմ՝ քննադատեք ինձ այ սրա համար, ինչի՞ չեք քննադատում՝ մեկ պարզ պատճառով, որովհետև դուք էլ եք նույն սխալը գործել, ես էլ եմ նույն սխալը գործել, որ այդ իրականության հետ չենք առերեսվել»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։