Հարկ վճարելը պետության հանդեպ պատասխանատվության և հոգատարության կարևոր դրսևորումներից է. ՀՀ ՊԵԿ նախագահի ուղերձը Հարկ վճարողի օրվա առթիվ
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը Հարկ վճարողի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել:
«Հարգելի՛ քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետությունում հարկ վճարող անհատներ, գործարարներ, իրավաբանական անձանց ներկայացուցիչներ, գործընկերներ, շնորհավորում եմ Հարկ վճարողի օրվա առթիվ:
Հարկ վճարելը պետության հանդեպ պատասխանատվության և հոգատարության կարևոր դրսևորումներից է: Մեր պետության առջև ծառացած տարաբնույթ մարտահրավերների հաղթահարման և սոցիալական խնդիրների լուծման որակը սերտորեն շաղկապված է հարկ վճարելու մշակույթի ամրապնդման ու զարգացման հետ: Պարտաճանաչորեն վճարելով հարկերը՝ քաղաքացին հղում է յուրատեսակ ուղերձ, որ իր համար կարևոր է պետության կայուն զարգացումն ու հարատևության ապահովումը:
Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության կարևոր թիրախներից է կարգապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելը, ինչպես նաև՝ հարկ վճարողների և հարկային մարմնի միջև փոխվստահության մթնոլորտի ապահովումը: Քաղաքացու վճարած հարկերի հետագա ճակատագրի թափանցիկության և հաշվետվողականության ապահովումը ևս պետության առանցքային պարտավորություններից է, որը թույլ է տալիս խորացնել փոխվստահության մթնոլորտը:
Պետական եկամուտների կոմիտեի ուղերձը գործարարներին հստակ է. բարեխղճությունը մշտապես կխրախուսվի և կարժանանա պետության առանձնահատուկ գնահատանքին, իսկ օրենքը շրջանցելու բոլոր փորձերը հետևողականորեն կկանխվեն:
Պետությունն իր հերթին անելու է հնարավորը գործարարների համար ընթացակարգերն առավել պարզեցնելու և պետության հետ շփումն առավել հարմարավետ դարձնելու համար:
Կարող եմ վստահեցնել, որ կարգապահ հարկ վճարողների համար ՊԵԿ-ի վարչարարությունն ու հսկողությունը աննկատ են լինելու:
Սիրելի հայրենակիցներ, մեր նպատակն է, որպեսզի արագ զարգացող աշխարհում հարկ վճարողներն իրենց հարմարավետ զգան, տարեցտարի ավելացնեն շրջանառության ծավալներն ու պետության հետ ձեռք-ձեռքի տված խորացնեն գործընկերային հարաբերությունները:
Անձամբ ես կարևորում և բարձր եմ գնահատում հարկ վճարողի նվիրումն ու վճարած յուրաքանչյուր դրամը, որն ուղղվում է համընդհանուր բարօրության ապահովմանը:
Կրկին շնորհավորելով այս տոնի առթիվ՝ մաղթում եմ անսպառ եռանդ և նորանոր ձեռքբերումներ: Ցանկանում եմ, որ բոլոր հարկ վճարողների առանցքային բնորոշիչները մշտապես լինեն բարեխղճությունը և օրինապահությունը` ի նպաստ Հայաստանի Հանրապետության բարեկեցիկ և պայծառ ապագայի»: