Վրաստանում մեկնարկում է հանգստավայրերի զարգացման բազմամիլիոնանոց ծրագիրը
Վրաստանի կառավարությունը գործարկում է քաղաքների և հանգստավայրերի զարգացման նոր լայնամասշտաբ պետական ծրագիրը, որի իրականացման համար կհատկացվի ավելի քան 1 միլիարդ լարի (շուրջ 400 միլիոն դոլար): Կառավարության նիստում նման հայտարարություն է արել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Այդ մասին տեղեկանում ենք Sputnik գործակալության վրացական ծառայությունից:
Կառավարության հնգամյա ծրագիրը ներառում է 11 վայր՝ Բորժոմի, Բակուրիանի, Քութայիսի, Ցխալտուբո, Թելավի, Զուգդիդի, Մցխեթա, Բաթումի, Ստեփանծմինդա, Մեստիա և Կազբեգի։ Առաջին փուլում 2023 թ.-ին ծրագրի իրականացման համար կհատկացվի 200 մլն լարի։
«Այժմ մենք սկսում ենք ավելի մասշտաբային պետական ծրագիր՝ քաղաքների և հանգստավայրերի զարգացման ծրագիրը, որը լինելու է հնգամյա և որի համար բյուջեից հատկացվելու է մեկ միլիարդ լարի: Աշխատանքը շատ շուտով կսկսենք: Այս մասին մանրամասն` ավելի ուշ: Կմշակվեն հայեցակարգեր: Մունիցիպալ զարգացման հիմնադրամը կսկսի ակտիվ աշխատանքն այս ծրագրի իրականացման ուղղությամբ: Մենք կընտրենք լավագույն շինարարներին, ճարտարապետներին», – հայտարարել է վարչապետը։
Վրաստանի վարչապետի խոսքով՝ կստեղծվեն նոր հանգստի գոտիներ և զբոսաշրջիկների համար գրավիչ վայրեր, կվերականգնվեն պատմամշակութային օբյեկտները։
Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, հիմնական խնդիրը Վրաստանը փուլ առ փուլ եվրոպական տիպի պետություն դարձնելն է։
Ծրագրի իրականացման աշխատանքների կատարումը վստահված է Վրաստանի ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարարությանը, ինչպես նաև Մունիցիպալ զարգացման հիմնադրամին։
«Նորացված տարածաշրջաններ» ծրագիրը մեկնարկել է 2021 թ.-ի ապրիլին։ Այն հաշվարկված է չորս տարվա համար։ Ծրագրի շրջանակներում Վրաստանի կառավարությունը նախատեսում է ֆինանսավորել տարածաշրջանների ենթակառուցվածքների բարելավմանը և զբոսաշրջության զարգացմանն ուղղված նախագծերը։
Ծրագրի առաջին փուլը պետության համար արժեցել է 500 մլն լարի և ընդգրկել է Վրաստանի 63 շրջան։