Սուդանում հարձակման է ենթարկվել ԱՄՆ դիվանագիտական շարասյունը, իսկ բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 185-ի
Սուդանում ապրիլի 17-ին գնդակոծության է ենթարկվել ԱՄՆ դիվանագիտական շարասյունը, սակայն ոչ ոք չի տուժել: Այս տեղեկությունը լրագրողներին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենը Ճապոնիայում Մեծ յոթնյակի երկրների ԱԳՆ ղեկավարների բանակցություններից հետո։
«Այդ գործողությունը անխոհեմ էր, այն անպատասխանատու էր և, իհարկե, վտանգավոր», – մեջբերում է BBC-ն Բլինքենի խոսքերը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սուդանի մայրաքաղաք Խարթումի իր տանը հարձակման է ենթարկվել Սուդանում ԵՄ դեսպան, իռլանդացի և ԵՄ դիվանագետ Աիդան Օ’Հարան։ Ինչպես հայտնել է Իռլանդիայի արտգործնախարար Մայքլ Մարտինը՝ Օ’Հարան «լրջորեն չի վնասվել»:
ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելն իր հերթին հայտարարել է, որ դիվանագիտական հաստատությունների և դրանց աշխատակազմի անվտանգությունը Սուդանի իշխանությունների «առաջնահերթ պատասխանատվությունն է»:
ՄԱԿ-ի տվյալներով՝ Սուդանում եռօրյա մարտերի ընթացքում շուրջ 185 մարդ է զոհվել, ավելի քան 1800-ը՝ վիրավորվել։ Մարտերում ներգրավվել են ավիացիան և հրետանին:
Ե՛վ բանակը, և՛ «Արագ աջակցության ուժեր» կոչվող կիսառազմական խմբավորումը պնդում են, որ վերահսկում են Խարթումի առանցքային օբյեկտները:
Հակամարտության պատճառով Սուդանի քաղաքացիները պատսպարվել են տներում, գնդակոծվել են նաև հիվանդանոցները:
Սուդանում քաղաքացիական պատերազմի պատճառ են դարձել երկրի դե ֆակտո ղեկավար, բանակի հրամանատար, գեներալ Աբդել Ֆաթթահ ալ Բուրհանի և «Արագ աջակցության ուժերի» ղեկավար Մոհամմեդ Համդան Դագալո Հեմեթիի միջև տարաձայնությունները: Երկու գեներալները նախկին դաշնակիցներ են, որոնք միասին կազմակերպել էին 2021 թ.-ի ռազմական հեղաշրջումը:
Վերջին ամիսներին Բուրհանի և Հեմեթիի միջև բանակցություններ էին ընթանում, սակայն համաձայնագրի որոշ կետերի առումով առկա էին լուրջ տարաձայնություններ:
Հեմեթին երեկ հայտարարել էր, որ միջազգային հանրությունը պետք է միջամտի: