Առաջիկայում Պուտինի այց Թուրքիա չի սպասվում. Չավուշօղլու

Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա չի նախատեսվում: Այդ մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական «Ahaber» լրատվամիջոցին տված հարցազրույցի ժամանակ: Ըստ ermenihaber.am-ի՝ նա հավելել է, որ նախքան ընտրությունները Էրդողանը ևս չի մեկնի Ռուսաստան:

Չավուշօղլուն նաև նշել է, որ առաջիկայում չի սպասվում Թուրքիայի ու Սիրիայի նախագահների հանդիպումը:

Ըստ Չավուշօղլույի՝ Սիրիայի խնդրի շուրջ Թուրքիայի, Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը կարող է կայանալ մայիսի սկզբին Մոսկվայում:

«Քառակողմ հանդիպումների նպատակը Սիրիայում կարգավորման մեխանիզմների, մասնավորապես՝ Աստանայի գործընթացի կարգավորումն ու վերականգնումն է։ Դրա շրջանակներում նախկինում քայլեր են արվել, սակայն արդյունքներ չեն արձանագրվել։ Բացի դրանից՝ ճանապարհային քարտեզը, որի վրա աշխատում են քառակողմ բանակցությունների մասնակիցները, ենթադրում է նաև առաջնորդների հանդիպում»,- ասել է Չավուշօղլուն:

Հավելենք, որ նույն հարցազրույցի ժամանակ Չավուշօղլուն խոսել է էր Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացից:

Տեսանյութեր

Լրահոս