Մեր խմբակցությունը որոշել է նոր քաղաքապետ չընտրել, չենք ներկայանա նիստին. Արմեն Գալջյան
«Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի լիազորությունները համարվել են վաղաժամկետ դադարեցված 2023թ. մարտի 17-ից: Միևնույն ժամանակ, ղեկավարվելով Ընտրական օրենսգրքի 142.3 հոդվածի առաջին մասով, առաջարկում եմ Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրության օրը սահմանել 2023 թվականի ապրիլի 11-ին, ժամը 10:00-ին»,- այս մասին Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը:
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով.
«Մեր խմբակցությունը այս պահի դրությամբ որոշում ունի նոր քաղաքապետ չընտրել՝ հաշվի առնելով, որ ընտրություններին մի քանի ամիս է մնացել: Այս պահի դրությամբ նոր քաղաքապետ չենք ընտրի, հետևաբար՝ ընտրության օրվա նիստին չենք ներկայանա, որովհետև թեկնածու քննարկելու և ընտրելու անհրաժեշտություն չի լինի: Խմբակցության դիրքորոշումն այս պահին այսպիսին է:



