Ազատության հրապարակում են նաև ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանն ու մարքսիստ Դավիթ Հակոբյանը

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած հանրահավաքը շարունակվում է: Այս պահին այստեղ են գտնվում ոչ միայն «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները, համակիրները, այլ նաեւ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ Ազատության հրապարակում են գտնվում ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը, Հայաստանի գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանը, տարբեր քաղաքագետներ: Այստեղ են գտնվում նաեւ նախախորհրդարանի անդամները:

Նախախորհրդարանի ներկայացուցիչներից, մեկը ելույթ ունենալով, ասել է. «2013 թվականի փետրվարի 18-ին արձանագրվեց ՀՀ-ում ձեւավորված ու կատարելության աստիճանի հասցված ընտրակեղծիքի մեխանիզմի հերթական հաղթանակը մեր ժողովրդի, նրա հույսերի ու սպասումների նկատմամբ: Նախախորհրդարանը, գնահատելով նախագահի ընդդիմադիր թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին ձայներ տանելու միջոցով գործող կառավարման համակարգի մերժման ծավալուն դրսեւորումը, համերաշխություն է հայտնում ընտրակեղծարարության դեմ ժողովրդական ընդվզմանը եւ իր մասնակցությունն է բերում այդ բողոքի արտահայտման նպատակով անցկացվող հավաքին»:

Ընդմիջելով համերգը, Րաֆֆի Հովհաննիսյանը դիմել է  հավաքվածներին. «Մի 15 րոպե էլ սպասում ենք ու սկսում ենք: Դուք պատրա՞ստ եք ընդունել Նիկոլին, «Ժառանգությանը», Դաշնակցությանը, անգամ Բարգավաճին»:

Ի պատասխան հավաքվածները բարձրաձայն գոռացին՝ այո…:

Տեսանյութեր

Լրահոս