Չգիտեմ՝ հո՞ղն է այսքան քաղցր, թե՞ իմ նախնիների թափած արյունն է ինձ կապում այս հողի հետ․ Գոհար Հակոբջանյան

34 տարեկան Գոհար Հակոբջանյանն   ապրում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղում և միայնակ մեծացնում է  իր 13 տարեկան աղջկան։

«Շրջափակման սկզբնական շրջանը իմ ու աղջկաս համար էլ էր դժվար, ինչպես  արցախցի  շատ ընտանիքների համար։

Պատրաստվում էի դեկտեմբերի կեսերին գնալ Ստեփանակերտ և պարենային ապրանքներ ձեռք բերել, բայց մինչ այդ շրջափակումը ավելի շուտ տեղ հասավ, ես էլ ո’չ կարողացա գնալ Ստեփանակերտ, ո’չ էլ գնումներ կատարել։

Գյուղում ապրելով, ես, իհարկե, ահագին պահածոներ ու ձմեռվա համար նախատեսված պաշար արդեն աշնանն էի գնել, ինչպես ամեն տարի եմ անում։

Գյուղում մարդիկ իրար օգնելով, ում ինչ պակասում էր՝ իրար հետ փոխանակելով,  կարողացանք դիմակայել, մինչև կտրոնները տրամադրեցին»,- ասում է Գոհարը։

Նա պատմում է, որ ունի առողջական խնդիրներ, և պետք էր անալիզներ հանձներ և ուղեգիր ստանալուն պես՝ մեկներ Երևան, որպեսզի բուժում ստանար։

Գյուղից քաղաք հասնելը շատ բարդ էր, մի ժամանակահատված կար, որ տրանսպորտ գրեթե չկար, մարդկանցից ամաչում էր խնդրել, որ այդ հարցում օգնեն, քանզի հասկանում էր, որ  վերջին վառելիքը պահում են իրենց ընտանիքի համար։

Եվ Գոհարը ոտքով 7կմ իջնում էր դեպի հիմնական ճանապարհը, Մարտակերտի տրանսպորտ էր նստում, որ հասներ Ստեփանակերտ։ Այդ նույն եղանակով էլ վերադառնում  էր տուն։

Երբ բախտի բերմամբ ստացվում էր, որ հասներ Ստեփանակերտ, գալիս էր հիվանդանոց, ասում էին՝ լույս չկա, ուշ արի, կամ վաղը արի։

«Շատ դժվարությամբ էի կարողանում ինձ հանգիստ պահել, ախր ո՞նց կարելի է, երեխայիս միայնակ թողել եմ գյուղում, ես քաղաքում որտե՞ղ մնամ, իսկ գնալու պարագայում, չգիտեմ՝ կկարողանա՞մ նորից հասնել քաղաք, թե՞ ոչ։

Մի անգամ էլ էլի մի կերպ հասել եմ տեղ, ասել են, թե սարքավորումները չեն աշխատում։

Բացատրում եմ, որ 45 կմ հեռավորությունից եմ գալիս, գոնե ինձ մի փոքր առաջնահերթություն տվեք, բայց՝ ոչ։

Ասում են՝ եթե ոչ զոհվածի ընտանիքից ես, ոչ հաշմանդամ ես, ոչ էլ տեղահանված, ապա քեզ ոչնչով չենք կարող աջակցել։ Բայց չէ՞ որ ես էլ միայնակ մայր եմ, ինչևէ, ու այս ամենից հետո լիովին հիասթափվել եմ, այլևս ոչ գնում եմ, ոչ էլ….»,- պատմում է Գոհարը։

Ի դեպ, անհրաժեշտ դեղորայքը շատ դժվարությամբ է կարողացել ձեռք բերել, խնդրել է հարազատներին, որ գոնե Երևանից մի ձևով ուղարկեն։

«Այս շրջափակման հետևանքով անհրաժեշտ ապրանքատեսակներն ավելի թանկացան։

Գները այնքան էին բարձրացել, որ մնում էիր զարմացած, ամբողջ աշխատավարձս միայն մի քանի ապրանքատեսակի էր հերիքում, չեմ հասկանում, հաշվի չեն առնում, որ աշխատավարձ չեն բարձրացրել, իսկ ապրանքի գներն ահավոր են»,- բարկացած ասում էր մեր զրուցակիցը։

Այս ընթացքում նա միշտ հաճախել է աշխատանքի, իսկ աղջիկը՝ ինչպես արցախցի շատ դպրոցականներ, մի ամբողջ շրջան տանն էր մնացել,  հետո նորից  գնացել դպրոց։

Երեկոյան, երբ մոմի լույսի տակ երեխան դաս էր սովորում, Գոհարը հաճախ էր հիշում իր մանկությունը, բայց այն ժամանակ շատ ավելի բարդ էր, այդ դժվարություններին գումարվում էին նաև  թշնամու գնդակոծումները։

Գոհարը պատմում է, որ դասերն ավարտելուն պես, դուստրը  միանգամից հանգցնում է մոմը. «Գայան, ինչո՞ւ ես հանգցնում», Գայանեն զարմացած նայում է մայրիկին ու հետո պատասխանում հարցին՝ «որ մոմ մնա՝ վաղն էլ դաս սովորեմ»։

«Կապի միջոցներն էլ այնքան են վատացել, որ խոսքեր չեմ գտնում ասելու։

Դպրոցում դասագրքերի ոչ ամբողջական լինելու պատճառով երեխան որոշ դասեր սովորում է օնլայն տարբերակով, երբեմն մինչև գիշերվա մեկը սպասում է՝ ինտերնետը կարգավորվի, դասերը սովորի, նոր քնի։

Չգիտեմ՝ ինչի համար ենք այդքան վճարում, որ համապատասխան ծառայություն չի մատուցվում։ Ամեն ինչ անում են՝ մարդկանց հիասթափեցնեն»,- նեղսրտեց  Գոհարը։

Բայց հենց սկսեցինք խոսել գյուղի  առօրյայից, նրա դեմքին գոհունակության ժպիտ երևաց․

«Այսօր կարտոֆիլ ենք ցանել, թշնամու աչքը հանելով էլ՝ այս երկու օրը լոբի ենք ցանելու։ Իրենց թվում է՝ ճանապարհը փակելով՝ չենք գոյատևելու։ Մենք այն ազգն ենք, որ հողից էլ հաց ենք կերտելու։ Արդեն  կանաչեղենն էլ դուրս է եկել, օր ու մեջ ժենգյալով հաց ենք թխելու՝ ուտենք։

Ճիշտ է, դժվար թե սովից որևէ մեկին բան պատահի, բայց կյանքը միայն դրանում չէ, և, իհարկե, անհամբեր սպասում եմ ճանապարհի բացմանը»,- հավատով շեշտեց  Գոհարը։

Իսկ եթե հնարավորություն ստեղծվի, ճանապարհը բացվի, գյուղից կգնա՞ս՝  հարցրեցի։

«Չգիտեմ՝ հո՞ղն է այսքան քաղցր, թե՞ իմ նախնիների թափած արյունն է ինձ կապում այս հողի հետ։ Ամեն դեպքում ես ինձ չեմ պատկերացնում իմ գյուղից դուրս որևէ տեղ, անգամ Ստեփանակերտում չեմ կարող ապրել»,- առանց տատանվելու՝  պատասխանեց Գոհարը։

Աննա Մանգասարյան

Տեսանյութեր

Լրահոս