Փաշինյանի Կառավարության հաստատած զեկույցը նախընտրական խոստումները չկատարելու մասին է
Այս տարվա փետրվարի 27-ին Փաշինյանի ղեկավարած Կառավարությունը գրավոր ընթացակարգով հաստատել է 2021-2026 թվականների Կառավարության ծրագրի 2022 թվականի կատարման ընթացքի վերաբերյալ զեկույց։
Չնայած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և նրա առաջնորդը 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ողջ քարոզարշավի ընթացքում խաղաղության դարաշրջան բացելու մասին կոչեր էին հնչեցնում, հիմա այդ նույն ղեկավարը հաստատել է մի զեկույց, որով փաստվում է, որ գործ ունենք ոչ թե խաղաղության, այլ պատերազմի սպառնալիքի, հերթական անգամ մարդկային և տարածքային կորուստների և Արցախի ճակատագրի անորոշության հետ։
Այսինքն՝ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը փետրվարի 27-ին ընդունած զեկույցով արձանագրել է, որ 2021 թվականին խոստացել էր մի բան, ընտրություններից հետո իրականացրել բոլորովին հակառակը, և այսօր խաղաղության փոխարեն ունենք՝
- Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի Հանրապետության սանձազերծած հերթական ագրեսիա՝ ընդդեմ Հայաստանի
- ՀՀ ինքնիշխան տարածքների շարունակվող օկուպացիա, նոր ագրեսիայի չվերացող վտանգ
- Ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունեցել է 225 զոհ, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, վիրավորվել է 293 զինծառայող և քաղաքացիական 7 անձ, գերեվարվել է 20 զինծառայող
- Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերի 36 բնակավայր, այդ թվում` Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները, ինչի հետևանքով մասնակի կամ ամբողջական ավերվել են 192 տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բժշկական հաստատություն, 1 հանդիսությունների սրահ, 4 գոմ
- Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի չկարգավորում
- ադրբեջանական զինուժի ներխուժումները ԼՂ-ում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի և Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակում
- ԼՂ-ի բնական գազի և էլեկտրական էներգիայի մատակարարումների միտումնավոր խափանումներ և դրանց հետևանքով ԼՂ-ում ծայր առած հումանիտար, պարենային, էներգետիկ և բնապահպանական ճգնաժամեր։
Փաշինյանի ղեկավարած Կառավարությունն արձանագրել է նաև, Ադրբեջանի բանտերում պահվող բոլոր գերիները չեն վերադարձվել հայրենիք:
Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում կարևոր է մնում նաև անհետ կորած անձանց հարցը:
Հայկական կողմից 975 քաղաքացու գտնվելու վայրն անհայտ է համարվում, որոնցից 777-ը՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի, 196-ը՝ 44-օրյա պատերազմի, 2-ը՝ սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով:
Եվ այս բոլորը, կարելի է ասել, ի հեճուկս 2021 թվականի նախընտրական խոստումների: