«Եթե Ադրբեջանը չկատարի Հաագայի դատարանի վճռը, հարցը կարող է դառնալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում քննարկման առարկա». Ալվինա Գյուլումյան

Փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին որոշումը։

Դատարանը պարտավորեցրեց Ադրբեջանին իր ստանձնած պարտականությունների շրջանակներում ապահովել տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով։

Մինույն ժամանակ Արդարադատության միջազգային դատարանը մերժեց Ադրբեջանի պահանջը Հայաստանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ։

Հաագայի միջազգային դատարանի որոշման հրապարակումից հետո, շատերը վերհիշեցին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեկ այլ վճիռ՝ Իլգար Մամմադովն ընդդեմ Ադրբեջանի գործով, որն Ադրբեջանը հրաժարվել էր կատարել։ ՄԻԵԴ վճռի չկատարման պատճառով ԵԽ նախարարների կոմիտեն այն ժամանակ  աննախադեպ որոշում էր ընդունել,  որը կարող է հանգեցնել ԵԽ-ին Ադրբեջանի անդամակցության կասեցման: Նշենք, որ ԵԽ անդամ երկրները պարտավոր են կատարել ՄԻԵԴ վճիռները: Դրանց չկատարումը Կոնվենցիայի կոպիտ խախտում է, ինչն էլ իր հերթին՝ հանդիսանում է ԵԽ կանոնադրության խախտում, որը կարող է հիմք դառնալ ԵԽ-ին երկրի անդամակցությունը կասեցնելու համար։ Սակայն Ադրբեջանն առ այսօր շարունակում է պահպանել իր անդամակցությունը ԵԽ-ին:

Կարդացեք նաև

Ի՞նչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանն այս դեպքում կկատարի ՄԱԿ-ի միջազգային դատարանի, ինչպես ընդունված է ասել, Հաագայի դատարանի որոշումը: Չկատարելու դեպքում Հայաստանն իրավական ի՞նչ քայլերի կարող է դիմել։

168.amի հետ զրույցում Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանների նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանն ասաց, որ դժվար է Ադրբեջանի դեպքում որևէ բան ասել։

«Միայն կարող եմ ասել, որ դատարանի վճռի կայացումը տվյալ պետության վարքի վրա նշանակություն ունի։ Եվրոպական դատարանի վճիռն Ադրբեջանը կարող է չի կատարել, կամ էլ համարում են, որ կատարել են, այս դեպքում, եթե Կարմիր խաչի մեքենաներն անցել են Արցախի փակ ճանապարհով, համարել են, որ կատարել են։ Այս պարագայում, կարծես թե, նման տարբերակում չկա։ Դատարանի որոշումը դեռևս ամբողջությամբ չեմ ընթերցել։

Սակայն ՄԱԿ-ի միջազգային դատարանների որոշումների կատարման համար հետամուտ լինելու որոշակի ճանապարհներ կան, ընդհուպ՝ մինչև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում քննարկման առարկա դարձնելը, և Անվտանգության խորհուրդը կարող է որոշակի միջոցներ ձեռնարկել»,- նշեց Ալվինա Գյուլումյանը։

Շարունակելով միտքը, Ալվինա Գյուլումյանը պարզաբանեց՝ եթե Ադրբեջանը չկատարի Հաագայի դատարանի վճիռը, ապա Հայաստանը կարող է հետամուտ լինել այդ որոշման կատարմանը։

«Չեմ կարող ասել, թե այդ ամենը որքան ժամանակ կպահանջի, քանի որ պետք է սպասել հետագա գործողություններին։ Ամեն դեպքում Ադրբեջանի երեկվա հայտարարությունից չէր բխում, որ չեն պատրաստվում բացել ճանապարհը և չկատարել վճիռը, տեսնենք»,- եզրափակեց Ալվինա Գյուլումյանը։

Զվարթ Խաչատրայն

Տեսանյութեր

Լրահոս