«Իրատեսության պարունակությունն այդտեղ 0 տոկոս է». ադրբեջանագետ
Կառավարության հերթական նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է՝ երեկ Հայաստանն ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները, և հայկական կողմի առաջարկները փոխանցել են ադրբեջանական կողմին: Փաստաթուղթը փոխանցել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին։
«Մեր տեսլականը հետևյալն է` փաստաթուղթը պետք է պարունակի պայմանավորվածությունների այնպիսի տրամաբանություն, հակակշիռների ու զսպումների այնպիսի համակարգ, որը կբացառի տևական և կայուն խաղաղության խաթարման որևէ սցենար»,- մանրամասնել էր Փաշինյանը:
Իսկ թե որքանո՞վ է իրատեսական Փաշինյանի նկարագրած իդիլիական այս սցենարը՝ հարցի պատասխանը 168.am-ը լսել է ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանից:
«Իրատեսության պարունակությունն այդտեղ 0 տոկոս է, որովհետև չկա որևէ փաստաթուղթ և ուժ, որը կարող է երաշխիք դառնալ Ադրբեջանի ագրեսիան սանձահարելու համար,- ի պատասխան՝ նշեց ադրբեջանագետը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանը շատ հստակ ներկայացրել է իր դիրքորոշումը և նշել, որ իրենց նախապայմաններից ոչ մի միլիմետր չեն հեռանալու,-Մեզ համար ամենախոցելին Արցախն Ադրբեջանի կազմ հանձելու կետն է և, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հարցը: Իսկ դա արդեն խոսում է հետագա ագրեսիայի մասին, որովհետև Ադրբեջանը դիրքավորվելու է առավել բարենպաստ կետերում և հեշտուհանգիստ շարունակելու է Հայաստանի և հայ ժողովրդի ոչնչացումը:
Ես չգիտեմ՝ ի՞նչ է երևակայում Փաշինյանը՝ «երաշխիք» ասելով, բայց ճանաչելով Ադրբեջանը և Փաշինյանին՝ վստահ եմ, որ ոչ մի երաշխիք չի պարունակելու այդ փաստաթուղթը, որովհետև Փաշինյանն ի վիճակի չէ դիմադրել, իսկ Ալիևը չի պատրաստվում կանգ առնել»:
Հայաստանյան պատվիրակության՝ Թուրքիա այցին հաջորդած և Մյունխենյան այցին նախորդած ժամանակահատվածում նման հայտարարություն անելը, ըստ Արմինե Ադիբեկյանի, պատահական չէ. նա համոզված է՝ դրանք իրար հաջորդող ընթացքներ են, որոնք տարբեր ուղիներով, տարբեր միջոցներով բերում են մի կետի՝ ՀՀ ոչնչացմանը:
Կառավարության լրատվականից ավելի վաղ հայտնել էին, որ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնում է Մյունխեն՝ մասնակցելու փետրվարի 17-19-ն անցկացվող անվտանգության համաժողովին: Իլհամ Ալիևը նույնպես մասնակցելու է Մյունխենի Անվտանգության համաժողովին: