Բաժիններ՝

Աշտարակի համայնքապետարանը՝ 8 ամբուլատորիաների տնօրեններին աշխատանքից ազատելու մասին

«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահներից Անուշ Պողոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել էր գյուղական ամբուլատորիաների մասին:

«Առողջության իրավունքի պարզաբանման համար դիմել են Աշտարակ խոշորացված համայնքի 8 ընտանեկան ամբուլատորիաների տնօրեններ և բարձրաձայնում են, որ իրենց հայտնել են՝ խախտումներով են աշխատել և 2023թ.փետրվարի 1-ից դադարեցնելու են որպես տնօրեն աշխատել: Ավելին, տրվել են կարգադրագրեր. համայնքի ղեկավարի կարգադրությամբ 8 ընտանեկան բժիշկներն ազատված են աշխատանքից, ավելին, հետհաշվարկ են անելու և գանձելու են բոլոր այն տարիների աշխատավարձը, որոնք որպես տնօրեն՝ ստացել են»,- հայտնել էր Անուշ Պողոսյանը:

168.am-ը խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար դիմեց Աշտարակի համայնքապետարան, որտեղից պատասխանեցին, որ դրանք համայնքապետարանի ենթակայության ներքո գործող ամբուլատորիաներ են, համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ:

«Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների վրա տարածվում է Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին ՀՀ օրենքը, որտեղ հստակ գրված է, որ գործադիր մարմնի ղեկավարն իրավունք չունի զբաղվելու այլ գործունեությամբ, բացառությամբ գիտական, մանկավարժական, ստեղծագործական աշխատանքի: Ընտանեկան բժիշկները նաև մեկ դրույքով հանդիսանում են տնօրեններ: Կա նաև աշխատանքային օրենսդրության խախտում: Ազատ ժամանակ պետք է զբաղվեն այլ աշխատանքով: Հիմա, եթե մեկ դրույքով աշխատում են ընտանեկան բժիշկ, մեկ դրույքով՝ տնօրեն, կարծում ենք, որ խնդիր է առաջանում: Ուզում ենք այնպես անել, որ ընտանեկան բժիշկը զբաղվի մարդկանց սպասարկելով, նրանց առողջության մասին հոգալով, ոչ թե, օրինակ, զբաղվի ՀՈԱԿ-ների համար ինչ-որ կարիքների գնում հայտարարելով, աթոռ, սեղանի հարցերով, որոնք, կարծում ենք՝ գործադիր մարմնի ղեկավարի պարտականությունը պետք է լինի»:

Կարդացեք նաև

Հայտնեցին, որ նշված անձինք հիմա տնօրենի ժամանակավոր պարտավորությունները կատարում են, մինչև կհայտարարվի մրցույթ:

«Մրցույթ հատարարելուց հետո, եթե կցանկանան լինել տնօրեն՝ մենք այդտեղ ոչ մի խնդիր չենք տեսնում: Ընդամենը հաստիքներն ենք առանձնացրել»:

Ինչ վերաբերում է բոլոր տարիների աշխատավարձը գանձելուն, ապա սա համայնքապետարանի համար նորություն էր:

«Ո՞վ է պահանջել, չի կարող նման բան լինել: Եթե ինչ-որ բան պահանջենք, մարդկանց գրավոր պետք է ծանուցենք: Ո՞նց կարող է նման բան լինել»,- նշեցին համայնքապետարանից՝ հավելելով, որ ՀՈԱԿ-ի 2 տնօրենի տարիքն արդեն անցել է 65 տարեկանը, ինչպես նաև, օրինակ, Ոսկեվազի ամբուլատորիայում նման խնդիր չի առաջացել, քանի որ կա և՛ տնօրեն, և՛ ընտանեկան բժիշկ, հստակ տարանջատված է:

Տեսանյութեր

Լրահոս