Լեհաստանը շուտով կսկսի ՌԴ-ի հետ սահմանին էլեկտրոնային արգելապատի կառուցումը
Լեհաստանը մարտին կսկսի Ռուսաստանի հետ սահմանին էլեկտրոնային արգելապատի կառուցումը:
«Կալինինգրադի մարզի հետ սահմանին էլեկտրոնային արգելապատի կառուցումը պլանավորվում Է սկսել մարտին: Կալինինգրադի մարզի մերձակայքում գտնվող տեղամասում էլեկտրոնային համակարգը կգործի ցամաքային սահմանի մոտավորապես 20 կիլոմետրի վրա», – մեջբերել է Dziennik Polski թերթը Լեհաստանի սահմանապահ ծառայության մամուլի քարտուղար Աննա Միխալսկայայի խոսքը:
«Պերիմետրիան (խմբ.՝ լեհ-ռուսական սահմանին կառուցվող արգելապատի) տվիչների և տեսախցիկների համակարգ է, որի շնորհիվ հնարավոր է շուրջօրյա վերահսկել սահմանը՝ անկախ եղանակային պայմաններից, առանց սահմանագծին գտնվելու անհրաժեշտության։ Պերիմետրիայի շնորհիվ սպաները կարող են սահմանը տեսնել սահմանապահ ծառայության շտաբում:
Ահազանգերը կուղարկվեն հայտնաբերման համակարգերից, իսկ այդ ահազանգերի ալգորիթմները կկառուցվեն այնպես, որ սահմանապահները կարողանան արձագանքել միայն մարդկանց, այլ ոչ թե կենդանիների կողմից սահմանը հատելու իրական փորձերին», – ընդգծել Է նա։
«Մինչ այժմ մենք օգտագործել ենք պերիմետրիայի շարժական համակարգեր, որոնք հիանալի աշխատել են սահմանի բոլոր հատվածներում: Այդ իսկ պատճառով մենք երկար տարիներ առաջարկում ենք սարքավորումների այս տեսակը տեղադրել լեհական սահմանի այն հատվածներում, որոնք Եվրամիության արտաքին սահման են հանդիսանում», – հավելել է նա։
Դրա հետ մեկտեղ Լեհաստանի սահմանապահ ծառայությունը նշում է, որ Ռուսաստանի հետ սահմանը «կայուն է ու հանգիստ»։ Գործակալությունը հիշեցնում է, որ անցյալ տարվա նոյեմբերի սկզբին լեհ-ռուսական սահմանին լեհ զինվորականները սահմանապահների խնդրանքով տեղադրել են փշալարե ժամանակավոր արգելապատ։