Ճարտարագիտության ամառային դպրոցի 2 մասնակից կվերապատրաստվի Հռոմում
Իտալական IRD Engineering ընկերությունն ամփոփել է 2022 թ. Հայաստանում իրականացված ծրագրերը, ինչպես նաև IRD-ի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի համագործակցության շնորհիվ կազմակերպված ճարտարագիտության ամառային դպրոցի 2-րդ հոսքի արդյունքները։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ «Ճանապարհային դեպարտամենտ»-ի տարածած հաղորդագրությունից, IRD Engineering ընկերության գործառնական ղեկավար Ֆաբիո Բուոնոմոն, ողջունելով ներկաներին, նշել է, որ իրենց ընկերությունը Հայաստանում գործունեություն է ծավալում արդեն 8 տարի։
«Այս ընթացքում մենք, համագործակցելով ՀՀ ՏԿԵՆ-ի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հետ, մասնակցել ենք մի շարք ճանապարհաշինական ծրագրերի իրականացմանը՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր, Հայաստանի կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագիր, և այս համագործակցությունը փորձի փոխանակման ու մասնագիտական որակները կատարելագործելու մեծ հնարավորություն է։ Մենք նաև հպարտ ենք, որ մեր մասնակցությամբ 2021 թ. Հայաստանում հիմնվեց ու հաջողությամբ անցկացվում է շինարարական ճարտարագիտության ամառային դպրոցը, որն արդեն երկրորդ շրջանավարտներն է տալիս։ IRD-ն աշխատում է աշխարհի ավելի քան 30 երկրում, սակայն միայն Հայաստանում ենք մենք կյանքի կոչել նման կարևորագույն ծրագիր, գուցե պատճառը նաև ակտիվ համագործակցությունն է ՀՀ ՏԿԵՆ-ի ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ»,- ասել է Ֆաբիո Բուոնոմոն։ Իտալացի գործընկերները հավելել են, որ ճարտարագիտության ամառային դպրոցի հայաստանյան փորձը մտադիր են ներդնել նաև այլ երկրներում։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը նշել է, որ վերջին տարիներին էապես աճել են ճանապարհաշինության ոլորտին տրվող հատկացումները, ինչը ենթադրում է զարգացման մեծ հնարավորություն։ Նրա խոսքով՝ ճանապարհաշինության ոլորտի զարգացման ուղղությամբ անելիքներ շատ կան։
«Մեր գործընկերոջ՝ IRD Engineering-ի ճարտարագիտության ամառային դպրոցի կազմակերպումը, թերևս, այդ քայլերից մեկն է։ Գնահատելի է, որ իտալական խոշոր ընկերությունը ներդրումներ է կատարում Հայաստանի կրթական համակարգում։ Ես վստահեցնում եմ, որ Ճանապարհային դեպարտամենտն իր լիազորությունների շրջանակում կաջակցի կրթական նման ծրագրերին, որպեսզի ճանապարհաշինության ոլորտի մեր մասնագիտական ռեսուրսը մեծ աճ գրանցի՝ տարածաշրջանում լինելով մրցակցային»,- ասել է Գոռ Ավետիսյանը։
IRD Engineering-ի տարածաշրջանային տնօրեն Պիերլուիջի Ալոյանը կարևորել է իրենց աշխատանքը Հայաստանում և ընդգծել, որ փոխգործակցությունը զարգացման մեծ հեռանկարներ ունի։
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանն իր խոսքում ընդգծել է, որ ինժեներական մասնագիտությունները չեն կարող լիարժեք դասավանդվել, հնարավոր չէ որակյալ շրջանավարտներ թողարկել, եթե տեսությունը չի զուգակցվում գործնական աշխատանքի հետ։ Այս դպրոցը լուծում է այդ հարցը՝ ուսանողներին կիրառական գիտելիքներ փոխանցելով շինհրապարակներում, ուսանողներին հաղորդելով միջազգային փորձագետների հարուստ փորձը, ինչպես նաև սովորեցնելով ճանապարհաշինական մեծ ծրագրերի կառավարման հմտությունները։ Շինարարական մասնագիտություններում, որպես կանոն, ընդգրկվում են տղաները, սակայն համալսարանի ռեկտորն առանձնացրել է այն փաստը, որ ճարտարագիտության դպրոցի մասնակիցների մեծ մասն աղջիկներ էին։ Այսպիսով՝ կոտրվում է այն կարծրատիպը, թե շինարարական մասնագիտությունը միայն տղամարդկանց համար է։
Միջոցառման ավարտին հավաստագրեր են հանձնվել ճարտարագիտության ամառային դպրոցի երկրորդ հոսքի մասնակիցներին։ IRD Engineering ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Տիգրան Մեսրոպյանը տեղեկացրել է, որ IRD-ն կկազմակերպի նաև ամառային դպրոցի երկու մասնակցի պրակտիկան Հռոմում։
Հիմք ընդունելով մասնագետների գնահատականները՝ Իտալիայում ինժեներական պրակտիկա անցնելու հնարավորություն են ստացել Անի Լալայանը և Սաթենիկ Հայրապետյանը։ Վերջիններս, երախտագիտություն հայտնելով դպրոցի կազմակերպիչներին, նշել են, որ ծրագիրը փորձառություն է հաղորդել իրենց, և ստացած գիտելիքները կներդնեն ՀՀ ճանապարհաշինության ոլորտի զարգացման գործում։