Բաժիններ՝

Եվրասիական կոնգրեսը և ԱՊՀ և ԵԱՏՄ երկրների վարչապետերի հանդիպումները տեղի կունենան հունիսին Սոչիում

«Եվրասիան մեր տունն է» ցուցահանդեսը, Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերը, ինչպես նաև Եվրասիական կոնգրեսը կկայանան ընթացիկ տարվա հունիսին Սոչիում։

Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի խոսքը «Digital Almaty 2023. Թվային գործընկերությունը նոր իրականության մեջ» ֆորումում։

«Կարևոր քայլ ենք համարում «Եվրասիան մեր տունն է» համատեղ միջազգային ցուցահանդեսի անցկացումը՝ ցույց տալու պետությունների «հնգյակի» (խմբ.՝ ԵԱՏՄ) և գործընկերների ձեռքբերումները», – ասել է Միշուստինը՝ հստակեցնելով, որ այն տեղի կունենա հունիսի սկզբին Սոչիում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերի, ինչպես նաև Եվրասիական կոնգրեսի հետ միաժամանակ։ Ռուսաստանի վարչապետն ուշադրություն է հրավիրել թվային տրանսֆորմացիայի կարևորության վրա՝ ընդգծելով, որ այն «մեծ հնարավորություններ է բացում եվրասիական տարածքում հետագա ինտեգրման համար»։

Առաջավոր տեխնոլոգիաները, նշել է Միշուստինը, ընդլայնում են ապրանքների և արտադրանքի որակի և առկայության մասին տեղեկատվության ծավալը, ապահովում դրանց ժամանակին առաքումը, ինչպես նաև օգնում են համագործակցություն հաստատել արտադրողների և մատակարարների միջև:

Դրա հաշվին, արձանագրել է ՌԴ վարչապետը, թվային տեխնոլոգիաները «հնարավորություն են ընձեռում՝ բարելավելու բիզնես միջավայրը» և օգնում են ինչպես խոշոր, այնպես էլ փոքր ձեռնարկություններին՝ ինտեգրվելու տարածաշրջանային և համաշխարհային տնտեսությանը։ «Մեր տրամադրության տակ ունենք բոլոր միջոցները մեր առջև ծառացած խնդիրները լուծելու համար: Գլխավորը մեր ջանքերը համակարգելն է, նպատակներ դնելը և միասին գործելը»,- եզրափակել Է Միշուստինը` դիմելով ֆորումի մասնակիցներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս