Լիահույս եմ՝ համատեղ ջանքերով նոր լիցք կհաղորդենք մեր հարաբերություններին. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի վարչապետին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի Միության վարչապետ Էնթոնի Ալբանիզին՝ ազգային տոնի առթիվ:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, ուղերձում նշված է.
«Ձերդ գերազանցություն,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ավստրալիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Ավստրալիայի օրվա կապակցությամբ:
Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանն ու Ավստրալիան զարգացրել են երկկողմ բարեկամական կապեր` կիսելով ընդհանուր արժեքներ ու նպատակներ: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով մենք նոր լիցք կհաղորդենք մեր հարաբերություններին՝ ի շահ մեր ժողովուրդների:
Ավստրալիայի մեծաթիվ հայ համայնքը, որը զգալի դերակատարում ունի ավստրալիական հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ասպարեզներում, ևս կարևոր խթան է մեր միջպետական փոխգործակցության զարգացման և ամրապնդման գործում:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Ավստրալիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և երջանկություն»: