Կարեն Անդրեասյանն ընդունեց թուրք լրագրողներին

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն ընդունեց Հրանտ Դինքի անվան հիմնադրամի կողմից իրականացվող Հայաստանի և Թուրքիայի լրագրողների երկխոսության ծրագրի շրջանակներում Հայաստան այցելած թուրք լրագրողներին: Այս մասին հաղորդում է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքը:

Պաշտպանը խիստ կարևորեց հարևան երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատումը` նշելով, որ նման ծրագրերը միայն խթան են հանդիսանում երկու երկրների մշակույթներին, պատմությանը և քաղաքական կյանքին ծանոթանալու համար:

Հանդիպմանը ներկա էին լրագրողներ տարբեր թուրքական լրատվամիջոցներից` «Թըդեյս Զաման» (Today’s Zaman), CNN Թուրք (CNN Türk), Հաբեր Թուրք Դեյլի (Haber Turk Daili), Ռադիկալ Դեյլի (Radikal Daily), Միլլիյեթ Դեյլի (Milliyet Daily), Սթար Գազեթ Դեյլի (Star Gazete Daily), ինչպես նաև Հրանտ Դինքի անվան հիմնադրամի ներկայացուցիչը:

Պաշտպան Կարեն Անդրեասյանը նախ մի քանի խոսքով ներկայացրեց ինստիտուտի գործունեությունը, այնուհետ անդրադարձավ լրագրողների հարցերին։ Ի թիվս շատ հարցերի, լրագրողներին հատկապես հետաքրքում էր փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներգրավվածությունը։

«Նախագահական ընտրությունների ընթացքում Պաշտպանի աշխատակազմը ստանձնում է դիտորդական դեր` արձանագրում ենք ընտրությունների ընթացքում տեղի ունեցած իրավախախտումները, քաղաքացիների բողոքները: Աշխատակազմում գործում է 116 շուրջօրյա թեժ գիծ, որին կարող են զանգահարել խախտումներ նկատած քաղաքացիները, և մեր արագ արձագանքման խմբերը կմեկնեն դեպքի վայր և տեղում կփորձեն կարգավորել խնդիրները, անհրաժեշտության դեպքում էլ՝ քաղաքացիներին կուղղորդեն իրավասու մարմիններ»,- նշեց Պաշտպանը: Օմբուդսմենի ինստիտուտի անկախության, ազատ արտահայտման և խոսքի ազատության վերաբերյալ հարցերին Կարեն Անդրեասյանը պատասխանում էր հպարտությամբ`նշելով, որ Պաշտպանի ինստիտուտը Հայաստանում լիովին անկախ մարմին է, և Պաշտպանը կարող է ազատ արտահայտել իր դիրքորոշումը։ Պաշտպանը նշեց նաև, որ Հայաստանը ապաքրեականացրել է «Զրպարտության մասին» օրենքը, ինչը մաղթում է նաև մեր հարևան երկրին։

Հանդիպման ավարտին լրագրողներից մեկը հարցրեց, թե արդյոք Մարդու իրավունքների պաշտպանը կարող է Հայաստանում պաշտպանել օտարերկրացու իրավունքները:
«Ցանկացած երկրի քաղաքացի, ով գտնվում է Հայաստանի տարածքում, եթե խախտվել են նրա իրավունքները, միանշանակ կարող է դիմել մեզ և ստանալ մեր աջակցությունը», -նշեց Պաշտպանը՝ հույս հայտնելով, որ այնուամենայնիվ մեր երկրում լրագրողները չեն հանդիպի որևէ լուրջ խոչընդոտի։

Նշենք նաև, որ սա Հրանտ Դինքի անվան հիմնադրամի աջակցությամբ Հայաստան ժամանած լրագրողների երկրորդ հանդիպումն էր Պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ: Առաջին հանդիպումը տեղի էր ունեցել 2010 թվականին:

Տեսանյութեր

Լրահոս