Բաժիններ՝

Նրա իշխանությունը ծառայությունն էր

Երբեմն իշխանությանը սխալմամբ վերագրում ենք այնպիսի հատկանիշներ, որոնք պարզապես աղերսներ չունեն այդ երևույթի հետ։ Ինքներս մեր մեջ արմատավորում ենք օրինակ՝ փաստեր այն մասին, թե իշխանություն ունեցող անձն առավել բարձր է մյուսներից, թե նա, ում տրվել է հնարավորություն իշխելու, պիտի ունենա ծառաներ, հպատակներ, մարդիկ, որոնք կենթարկվեն նրան։ Սակայն ի՞նչ օրինակ տվեց մեզ Քրիստոս, ի՞նչ է իշխանությունը՝ քրիստոնեական պատկերացումներով և սահմանմամբ։

Գուցե ժամանակակից աշխարհի բարքերին խորթ և անհասկանալի թվա, սակայն քրիստոնեության մեջ իշխել՝ նույնն է, թե ծառայել։ «Իշխանությունը կայանում է ծառայությամբ»,- ասել է Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Քրիստոսի իշխանությունը տրված էր ի վերուստ։ Նա ընտրված չէր մարդկանց՝ անկատարներիս կողմից։ Սակայն լինելով Իշխան՝ Քրիստոս Ի՛նքն առաջին անգամ ցույց տվեց մեզ քրիստոնեական՝ իրական իշխանության օրինակը՝ ծառայությամբ։

Վերջին ընթրիքից հետո Քրիստոս ջուրը լցրեց կոնքի մեջ, ծունկի եկավ Իր աշակերտների առջև ու ծառայաբար լվաց նրանց ոտքերը` սրբելով մեջքին կապված սրբիչով, հեզության ու խոնարհության օրինակ ծառայելով: «Արդ, եթե ես՝ Տերս ու Վարդապետս, լվացի ձեր ոտքերը, դուք էլ պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ։ Որովհետև մի օրինակ տվեցի ձեզ, որպեսզի ինչպես ես ձեզ արեցի, դուք էլ նույն ձևով անեք» (Հովհ. 13։14-15):

Կարդացեք նաև

Այսօր մեզ շատերիս է տրված իշխանություն՝ փոքր կամ մեծ հարցերում, փոքր կամ մեծ խմբերի, մեր հայրենիքի վրա։ Սակայն «իշխելիս» հիշենք մեր Տիրոջ օրինակը։ Մենք, այո, տերն ենք մեր երկրի, սակայն ո՛չ որպես սպառողներ, այլ որպես ծառաներ, մշակներ։ Մենք ղեկավարում ենք մարդկանց խմբեր ոչ թե նրանց մեզ ծառայեցնելու, այլ ծառայելու կոչմամբ։

Չէ՞ որ Նա էլ աշխարհ էր եկել որպես Երկնային Թագավոր, սակայն ոչ թե ընդունելու մարդկանց գովեստի խոսքերը, բարձրացնելու Իր անձը, այլ զրկանքներ կրելու, խոնարհվելու և ծառայելու մարդկությանը․ «որովհետև Աստված իր Որդուն չուղարկեց աշխարհ՝ այն դատապարտելու, այլ որպեսզի աշխարհը նրանով փրկվի» (Հովհ․ 3։17)։

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս