Թուրքիան պատրաստ Է Հունգարիային մատկարարել HIMARS համակարգի այլընտրանքային տարբերակը. թուրք նախարար
Անկարան պատրաստ է Բուդապեշտի հետ քննարկել համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի (ՀԿՌՀ) մատակարարման տարբերակները՝ որպես ամերիկյան HIMARS-ի այլընտրանք։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մուստաֆա Վարանքը Հունգարիայում, որտեղ այդ երկրի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի հետ մասնակցել է տնտեսական համագործակցության երկկողմ հանձնաժողովի նիստին։
«Ես չգիտեմ՝ արդյոք Հունգարիան քայլեր կձեռնարկի (HIMARS գնելու հարցում), բայց կասեմ հետևյալը` Թուրքիայում մենք այլընտրանքային համակարգեր ենք արտադրում: Եթե (Հունգարիան) համապատասխան կարիք ունենա, ապա մենք պատրաստ ենք անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել այս համատեքստում», – նախարարի խոսքը մեջբերել Է TGRT հեռուստաալիքը:
Ըստ հեռուստաալիքի՝ Սիյարտոն դրան ի պատասխան հստակեցրել է, որ իր բանակի համար սպառազինություններ գնելու տարբերակները քննարկելիս Հունգարիան, բնականաբար, առաջին հերթին դիմում է ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներին, այդ թվում՝ Թուրքիային։ ՀԿՌՀ-ներ գնելու տարբերակների վերաբերյալ նա ասել Է, որ կան առաջարկներ, որոնք գտնվում են գնահատման փուլում. գնահատումը նախ անցկացնում է պաշտպանության նախարարությունը, այնուհետև՝ կառավարությունը։
2022 թ. փետրվարին Հունգարիան բանակի արդիականացման և նոր սպառազինությունների գնման ծրագրի շրջանակներում հետաքրքրություն Է ցուցաբերել ԱՄՆ-ից HIMARS համակարգեր ձեռք բերելու հարցում։
Գործակալությունը նշում է, որ դատելով բաց աղբյուրներից՝ Հունգարիայի զինված ուժերի սպառազինության մեջ չկան համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։ Ընդ որում, Թուրքիան դրանք արտադրում է: Մասնավորապես, դա Roketsan ընկերության T-122 համակարգն է։