Արցախում ընտրության անցկացումն Ադրբեջանի կողմից նոր հարձակման պատճառ կարող է դառնալ. Արթուր Խաչիկյան
Երբ Արցախի Անվտանգության խորհուրդը հայտարարություն տարածեց՝ շեշտելով՝ «ՀՀ վարչապետի հնչեցրած մի շարք տեսակետներ չեն համապատասխանում Արցախի բնակչության և իշխանությունների որդեգրած դիրքորոշմանը», իսկ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն էլ, հետևելով Փաշինյանի և Ալիևի ասուլիներին, հայտարարեց՝ Արցախի հարցում միակ տարբերակը մնում է պայքարը, կտրուկ սրվեցին Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև հարաբերությունները։
Երեկ՝ հունվարի 15-ին, Արցախի քաղաքական կյանքը փոթորկվում էր. քննարկվում էր Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հեռացման՝ հրաժարականի հարցը՝ պարտադրված Ալիևի և Նիկոլ Փաշինյանի կողմից, ինչից հետո պետք է հրաժարական տար Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ Արցախում հիմք դնելով նոր ընտրությունների և նոր իշխանության ձևավորման անհրաժեշտության։
Կրքերը փոքր-ինչ հանդարտվեցին այսօր, երբ հայտնի դարձավ, որ Արայիկ Հարությունյանը Ազգային ժողովում հանդիպել է պատգամավորների հետ և հայտարարել՝ Արցախում ներքաղաքական ճգնաժամ չկա, ու չի կարելի նման բան թույլ տալ։
168 TV-ի եթերում ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր, միջազգայնագետ Արթուր Խաչիկյանը, խոսելով արցախյան զարգացումների մասին, ընդգծեց՝ Արցախի կառավարման համակարգի կազմալուծումը բխում է Ադրբեջանի շահերից։
«Արցախում ընտրության անցկացումը կարող է պատճառ դառնալ նոր ռազմական հարձակման՝ Ադրբեջանի կողմից. դա կարող է դիտարկվել սուվերենության խախտում։ Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանություններին, ապա ակնհայտ է, որ այս խմբի նպատակն է Արցախի հանձնումը։ Այն թեզը, թե Արցախը հանձնեն՝ կարող են քաղցր կյանք ստանալ, տապալվել է, իսկ թե ինչո՞ւ այս կառավարությունը չի ուզում հասկանալ Ալիևի ասածը, որ Արցախից հետո գալու են Սյունիքի և Հայաստանի մյուս կտորների հետևից, դա նշանակում է, որ այս իշխանությանը առաջադրանք է տրված հանձնել Արցախն ու մեզ հանձնել Թուրքիային, ինչից հետո կկորցնենք նաև Հայաստանի վերջին կտորը»,- ասաց Խաչիկյանը։
Ըստ նրա՝ աշխարհաքաղաքական բարդ իրավիճակն ու Ադրբեջանի սանձարձակ պահվածքը հետևանքն են նրա, որ Ռուսաստանը, որը 30 տարի առաջ չզիջեց Թուրքիային, նույնը չկարողացավ անել 2020 թվականին՝ 44 օրյա պատերազմից առաջ, և թույլ տվեց, որ Թուրքիան մտնի Հարավային Կովկաս։
ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտորի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահ Պուտինի քաղաքականության մեջ է տեղավորվում այս տարածաշրջանում Թուրքիայի հետ մերձեցումն ու այդ եղանակով հակաարևմտյան ուժային կենտրոնի ձևավորումը, ուստի տարբեր հարցերում թուրք-ռուսական համաձայնությունները բնական են, և հենց այստեղ է, որ Հայաստանը պետք է ունենա այնպիսի դիվանագիտություն, ինչը կկանխի Հայաստանի շահերի հաշվին որևէ գործարք. դա, սակայն, մեր դիվանագիտությունն այս 4 տարիների ընթացքում չի անում, հետևապես, պետք է փակել ՀՀ ԱԳՆ-ն և այդ գումարն էլ այլ տեղ օգտագործել՝ հակառակ դեպքում այդ նախարարությունը ի վիճակի չի կանխել, օրինակ, Սյունիքի զավթումն ադրբեջանցիների կողմից։
«Օրինակ՝ ադրբեջանցիների բնակեցումը Սյունիքում այդ մարզի անեքսիայի պլանն է, ինչից հետո Սիսիանից մինչև Մեղրի Հայաստան չի լինի։ Պետք է հասկանալ, որ երբ երկիրը ղեկավարում է մի խումբ, որը անընդհատ դիվանագիտական սխալներ է անում, իսկ այդ նույն ընթացքում աշխարհում շատ վտանգավոր սրված վիճակ է, կարող է մենք մի քանի ամիս անց Սյունիքը և Արցախը կորցնելուց հետո կորցնենք Հայաստանը։ Կրկնում եմ, եթե այս մարդիկ են շարունակելու ղեկավարել Հայաստանը, ապա այն կարող է չլինել մի քանի ամսից։ Ինչպես թուրքերը մտել են 30 կմ անվտանգության գոտի ունեցող Սիրիա, այնպես էլ կմտնեն այդքան կիլոմետրով Սյունիք, և ամբողջ աշխարհը չի դատապարտի թուրքերին. մենք Թուրքիայի կողմից շրջապատված դարձել ենք անկլավ և չենք կարող հրաշքով գոյատևել ոչ կոմպետենտ հայտարարություններով՝ դիվանագիտության փոխարեն։ Իսկ, եթե մտածում են, թե Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելով՝ անվտանգություն են ունենալու, ապա պետք է հիշեն՝ Արցախն ու Սյունիքը մարսելուց հետ Թուրքիան գուցե թույլ տա մի քանի տարի մեզ պատկերացնել որպես անկախ պետություն, ինչից հետո մենք կվերանանք»,- ասաց Խաչիկյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում