Փաշինյանն Արցախի իշխանությանն առաջարկել է հանձնվել. ընդունել Բաքվի վերադասությունն Արցախի նկատմամբ. Սարո Սարոյան
Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման 30-րդ օրը՝ հունվարի 10-ին, տարօրինակ զուգադիպությամբ մամուլի ասուլիսով հանդես եկան Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները:
Փաշինյանը խոսեց Հայաստանի արտաքին քաղաքականության, ՌԴ-ի հետ հարաբերությունների, Արցախի շրջափակման մասին հարցերից բացի՝ անդրադարձավ նաև Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև հարաբերություններին՝ շեշտելով՝ դրանցում հակասություն չկա։
Փաշինյանի ասուլիսից ժամեր անց հայտարարությամբ հանդես եկավ Արցախի անվտանգության խորհուրդը՝ ի ցույց դնելով հակասությունները։
«ՀՀ վարչապետի հնչեցրած մի շարք տեսակետներ չեն համապատասխանում Արցախի բնակչության և իշխանությունների որդեգրած դիրքորոշմանը»,- ասված էր հայտարարության մեջ։
Նիկոլ Փաշինյանի ասուլիսից ժամեր անց ֆեյսբուքյան գրառում արեց նաև Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ շեշտելով՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ասուլիսից հետո եկել է եզրահանգման, որ միակ ելքը պայքարն է։
Ի պատասխան Արցախի պաշտոնական արձագանքներին՝ Փաշինյանը Կառավարության հունվարի 12-ի նիստում հայտարարեց. «Պետք է խուսափել իրադրությունն էլ ավելի փակուղային դարձնող քաղաքական հայտարարություններից, որովհետև վերջնակետին հասնելու հստակ պատկերացումներով չզուգորդված հայտարարությունները որևէ օգուտ չեն տալիս։ Պետք է ԼՂ ժողովրդի և իշխանության արձագանքը լինի ոչ սիմետրիկ»։
168 TV-ի եթերում, խոսելով Արցախի իշխանություններին ուղղված ոչ սիմետրիկ գործողությունների կոչի մասին, քաղաքագետ Սարո Սարոյանն ընդգծեց.
«Արցախի իշխանություններին Նիկոլ Փաշինյանի առաջարկը, այն է՝ գնալ ոչ սիմետրիկ լուծումների, նշանակում է՝ Արցախին առաջարկել ընդունել Բաքվի վերադասությունն Արցախի նկատմամբ, նշանակում է՝ առաջարկել Արցախի իշխանություններին ընդունել Բաքվի բոլոր պահանջները, կամ այլ կերպ ասած՝ հանձնվել։ Մենք սա պետք է արձանագրենք»։
Ըստ նրա՝ նախքան Արցախի իշխանություններին կոչ անելը Հայաստանի ղեկավարությունը պետք է հիշի՝ Արցախի նկատմամբ ունի իրավական պարտավորություններ, հետևապես՝ փախչելու տեղ չունի։
«ՀՀ իշխանությունն ունի պարտավորություններ, բայց զբաղված է իմիտացիայով։ Իմիտացիա է անում, թե Արցախի անվտանգության հետ կապված որևէ գործընթաց է ձեռնարկում. որովհետև, երբ մի քայլ ես անում, որը չունի արդյունավետություն, ապա արածդ դառնում է կա՛մ անգործություն, կա՛մ դիտավորություն։ Դիմել այս ու այն կառույցներին, հայտարարություններ սպասել. դա անվտանգության երաշխավորի անելիքը չէ. դա պարտականություն կատարել չէ. դա ուղղակի թյուրիմացություն է, որովհետև հայտարարություններով հնարավոր չէ ազդել այն իրավիճակի վրա, որն առկա է, հետևապես, Հայաստանի Կառավարությունն իր պարտականությունները ուղղակի չի կատարում»,- ասաց Սարոյանը՝ աներկբա համարելով Փաշինյանի կողմից Արցախի հանձնումը։
«Փաշինյանը ճանաչել է Արցախն Ադրբեջանի մաս. դա անբեկանելի է։ Հայաստանի Կառավարությունը խնդիր է դրել Արցախը բերել Ադրբեջանի ենթակայության տակ՝ շահելով իշխանության շարունակականությունը. դա այն գինն է, որը պետք է վճարեն, որ կառավարեն Հայաստանում»,- ասաց քաղաքագետը՝ շեշտելով՝ եթե Փաշինյանին թվում է, որ այն պայմանավորվածությունները, որոնք կայացվել են, վերջ ունեն, սխալվում է՝ դրանք վերջ չունեն, ուստի, եթե նրան թվում է՝ հանձնումներն ավարտվելու են 29.800 քառակուսի կմ-ով, սխալվում է։
«Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգը սին է, չնայած դրան, նա խնդիր է դրել ներդաշնակեցնել Արցախի քաղաքական ղեկավարության տրամադրությունները և իմիտացիա է անում, թե այդ հարցում չկա իր և Արցախի իշխանությունների միջև որևէ հակասություն։ Փաստն այն է, որ Արցախի ղեկավարությունը փորձում է գնալ պայքարի ճանապարհով՝ ի հայտ բերելով հակադրություն պաշտոնական Երևանի դիրքորոշումների հետ կապված»,- ասաց քաղաքագետը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։