ՉԴԻՄԱՑԱ
Խորհրդային շրջանի այլախոհ, ապա ոստիկանության բարձրաստիճան աշխատող, դրանից հետո իրավապաշտպան, այժմ նաև թունդ խաղաղասեր Վարդան Հարությունյանը հորդորում է իր պաշտելի իշխանությանը համարձակություն ունենալ և բաց խոսելլուծումների մասին, որքան էլ դրանք լինեն ցավոտ։ Եվ փաստորեն առաջարկում է նոր կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրել, որպեսզի չլինի նոր պատերազմ և նոր կորուստներ։
Վարդան Հարությունյանի հետ, չնայած գաղափարական տարաձայնություններին, ունեցել եմ բավական ջերմ հարաբերություններ, մինչև այս տարվա գարունը։Այնուհետև մեր հարաբերությունները խզվեցին և որոշեցի այլևս չանդրադառնալ նրա մտքերին։
Այսօր, կարդալով նրա վերոնշյալ գրառումը, չդիմացա, խախտում եմ որոշումս և հետևյալ հարցերն ուղղում Վարդան Հարությունյանին․
1․Ցանկացած երկրում պարտություն կրած ղեկավարը եթե անմիջապես հրաժարական չտա, ապա ողջ հասարակությունը, ժողովուրդը ոտքի կկանգնի և կհեռացնի պարտության պատասխանատու իշխանությանը, էլ չեմ խոսում ինքնասպանության մասին։Իսկ դու՞, Վարդան և քո «խաղաղասեր» համախոհնե՞րը ոչ միայն վարչապետ-բռնապետիկի հրաժարականը չպահանջեցիք, այլև շարունակեցիք ատամներով պաշտպանել նրան։
2․ Հնարավո՞ր է արդյոք, որևէ պատերազմող երկրում ազատորեն խոսել թշնամուն տարածքներ հանձնելու մասին։ Համենայն դեպս, բացի քո և քո համախոների օրինակից, ես այլ դեպքեր չգիտեմ։ Դուք, սկսած 1994թ․ անվերջ խոսել եք Արցախը թշնամուն հանձնելու և «լավ ապրելու» մասին։ Հնարավո՞ր էր, որ Ադրբեջանում, որևէ այլախոհ, իրավապաշտպան խոսեր Արցախին անկախություն տալու մասին,կամ քո պաշտելի Ուկրաինայում, հնարավո՞ր է, որ նույն քո մտերիմ իրավապաշտպանները խոսեն, թեկուզ Ղրիմից հրաժարվելու մասին (Հենց Վարդան Հարությունյանի ուկրաինապաշտությունը եղավ մեր հարաբերությունների սառեցման պատճառը, քանի որ ինձ համար անընդունելի էր Ադրբեջանի հաղթանակը տոնող երկրին աջակցությունը)։Ինչու եմ հատկապես շեշտում Ղրիմը։ Պատմականորեն Արցա՞խն է եղել ավելի հայկական, թե՞ Ղրիմը ուկրաինական։Բայց, նորից կրկնեմ, քո պաշտած ուկրաինացիները Լինչի կենթարկեն քո և քեզ պես մտածողներին Ղրիմի հարցով, էլ չեմ խոսում ադրբեջանցիների մասին։Հավանաբար պատասխանը հետևյալն է․ «չի կարելի համեմատվել Ուկրաինայի և Ադրբեջանի հետ։ Մենք թույլ ենք»։ Այո՛, թույլ ենք, քանի որ մեր շարքերում դու՛ք եք՝ թուլակամ և հանուն «լավ ապրելու» պատրաստ հրաժարվելու հայրենիքից։
3․Վարդան Հարությունյանը խնդրում կամ պահանջում է բաց խոսել ցավոտ լուծումների մասին։
Խնդրեմ, Վարդան, այդ լուծումների մասին անթաքույց հայտարարում են Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները՝ նախագահ, արտգործնախարար․Ոչ միայն հրաժարվել Արցախից, այլև հանձնել «Արևմտյան Զանգեզուրը», ութ գյուղերը, «Գյոքչան», Էրիվանը։Ըստ քեզ, մենք պետք է այս ամենին համաձայնենք, բա հո պատերազմ չենք անելու։
4․ Վարդան Հարությունյանն իրեն համարում է իրավապաշտպան։ Չխոսեմ նրա առնվազն լռության մասին, այս 5 տարիներին քաղաքական հետապնդումների, դատարաններ քայքայման, սպանությունների մասին։ Հարց․ ինչպե՞ս է իրավապաշտպանը պատկերացրել և պատկերացնում արցախցիների ճակատագիրը Ադրբեջանում։Փաստորեն, կարելի է փաստել, որ իրավապաշտպանը, հանուն խաղաղության, համաձայն է Արցախի ժողովրդի ցեղասպանությանը։Հավանաբար պատասխանը հետևյալն է․ «Հանուն խաղաղության, այո»։
5․ Վարդան, չե՞ս կարծում, որ եթե քո և քո համախոհների, օրինակ Թաթուլ Հակոբյանի, տեսակետը հաղթեր 1918 թվականին և չկազմակերպվեր ինքնապաշտպանություն, ըստ քեզ՝ պատերազմ, ապա Հայաստան չէր լինի։
Ամփոփում․
Փաստորեն ունենք մի իշխանություն, որի համար հայրենիքը անշարժ գույք է, վաճառքի առարկա և նրան սատարում են քաղաքական, հասարակական գործիչներ, իրավապաշտպաններ, լրատվամիջոցներ։
Սա մեկ բառով ասած ողբերգություն է, փաթեեթավորված նվեր թշնամուն։