Ինչո՞ւ է Արցախի շրջափակման ֆոնին ԱՄՆ-ը հեռացնում ԵԱՀԿ ՄԽ-ում ԱՄՆ համանախագահին

Շուրջ 5 ամիս պաշտոնավարելուց հետո Արցախի շրջափակման ֆոնին Կովկասյան բանակցությունների գծով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ Ռիքերը հեռանում է պաշտոնից։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։

«Այսօր մենք հայտարարում ենք դեսպան Ֆիլիպ Ռիքերի՝ Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդականի պաշտոնից հունվարի 5-ից հեռանալու մասին: Նրա հեռանալը չի ազդի տարածաշրջանում խաղաղության հաստատման Միացյալ Նահանգների պատրաստակամության վրա»,- ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ հավելելով, որ Վաշինգտոնը կշարունակի աջակցել Երևանի և Բաքվի միջև ուղիղ երկխոսությանը:

Ֆիլիպ Ռիքերն իր պաշտոնավարման ընթացքում տարածաշրջանային այցեր է կատարել, հեռախոսազրույցներ ունեցել, կազմակերպել հանդիպումներ։

Ռիքերի վերջին այցը ՀՀ ավարտվել էր դեկտեմբերի 5-ին Երևանում նրա տեսաուղերձով, որում ասվում էր, որ ԱՄՆ հանձնառությունն է՝ աջակցել կողմերի ուղիղ երկխոսությանը, դիվանագիտության հաստատմանը, որին ԱՄՆ-ը փորձել է նպաստել ամենաբարձր՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի մակարդակով։

Կարդացեք նաև

168am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, թե նախ պետք է արձանագրել, որ 2020 թվականի պատերազմից հետո և՛ Ռուսաստանը, և՛ ԱՄՆ-ը չգիտեն՝ ինչպես վարվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահողի պաշտոնի հետ, քանի որ մի կողմից՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի գործում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով, մյուս կողմից՝ համանախագահների պաշտոնը պահպանվում էր, քանի որ ԵԱՀԿ ՄԽ փլուզման պատասխանատվությունը որևէ մեկը չէր ցանկանում վերցնել իր վրա։

Սակայն, նրա խոսքով, համանախագահների առկայությունը ԵԱՀԿ ՄԽ գործունեության վերականգնման «դուռը» բաց էր պահում։

«Կարծում եմ՝ ներկայումս ևս բարդ է ասել, թե ԱՄՆ-ը ինչ որոշում կկայացնի սրանից հետո։ Սակայն այս պահի դրությամբ կարող ենք արձանագրել, որ ԱՄՆ-ը այս պաշտոնն ավելորդ է համարում։ Թե հստակ ո՞րն է պատճառը՝ բարդ է ասելը, քանի որ կուլիսային շատ գործընթացներից տեղյակ չենք, իսկ ԱՄՆ-ը հատկապես սեպտեմբերից հետո չափազանց ակտիվ է եղել, բայց նաև պետք է նշել, որ արևմտյան գործընթացը ևս տապալվել է։ Վաշինգտոնում քննարկվել էր փաստաթուղթ, կետեր, սակայն կարծես չհաջողվեց առաջընթաց ապահովել»,- ասաց վերլուծաբանը։

Նա, այնուամենայնիվ, գտնում է, որ ԱՄՆ-ը շարունակելու է ներգրավված մնալ այլ մակարդակներով, ինչպիսին, օրինակ, ժամանակ առ ժամանակ կարող է լինել Ջեյք Սալիվանը, անհրաժեշտության դեպքում՝ հանդիպումների դեպքում, կարող է լինել ԱՄՆ պետքարտուղարի միջնորդություն։

«Այս դեպքում համանախագահի ներկայություն հարկավոր չէ։ Բացի այդ, համանախագահի առկայությունը դիտարկվում է՝ որպես ՄԽ-ում Ռուսաստանի մասնակցությանը սպասելուն ուղղված քայլ ևս, ԱՄՆ-ը դա ևս բացառում է։ ԱՄՆ գլխավոր նպատակն է, որպեսզի կողմերը ուղիղ բանակցեն, հակամարտությունը վերանա, և ռուսական ներկայության անհրաժեշտությունը չլինի։

Ըստ իս, այլ էական նպատակներ ԱՄՆ-ը չունի և պատրաստ չէ երկար ժամանակ ու ռեսուրս ծախսել միջնորդության վրա։ Սա նաև նշանակում է ԵԱՀԿ ՄԽ էջի պաշտոնական փակում։

ԼՂ հակամարտությունը մշտապես եղել է հակամարտություն, որին հարկավոր է եղել բարձրաստիճան ներգրավվածություն, և միայն երկրի համանախագահը բավարար չէ բանակցային գործընթաց առաջ մղելու համար։ Իսկ նման բարդ փուլում փաստորեն նման դիվանագետը որևէ դերակատարություն չունի։

Սա նաև ԱՄՆ-ի ուղերձն է կողմերին, որ նստեն ուղիղ բանակցությունների, թեև դրանք մի փոքր անհնար են թվում։

Ուշագրավ է, որ ոչ մի խոսք չկա ԼՂ հակամարտության մասին, միայն ՀՀ-Ադրբեջան երկխոսություն, ԱՄՆ-ը այլևս գուցե որևէ դերակատարություն չի ցանկանում ունենալ ԼՂ բանակցային հարցում, կամ այն կարծում է լուծված, սա դեռևս բաց հարց է մնում»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս