«Ադրբեջանցիներն ուզում են տեսնեն՝ ժողովուրդը պայքարո՞ւմ է, թե՞ ձեռքերը բարձրացնում է․ Արցախում փոքրից մեծ պայքարելու են»․ Մարտին Եսայան

«Ադրբեջանը հետ չի կանգնելու իր ընտրած ուղուց, անելու է ամեն ինչ, որ ժողովրդի մեջ վախ, սարսափ սերմանեն և Արցախը հայաթափեն, բայց նման բան չի՛ լինելու, մենք պայքարելո՛ւ ենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախյան երեք պատերազմների մասնակից, ռազմական փորձագետ Մարտին Եսայանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 12-ի վաղ առավոտից  Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն ադրբեջանցի, այսպես կոչված, բնապահպանների կողմից փակելու փաստին։

Նրա խոսքով՝ իրավիճակից դուրս գալու միակ ելքը համախմբվելն է, այլ տարբերակ պարզապես չկա․

«Մենք պայքարելու ենք, մենք անելու ենք ամեն ինչ, որ գոտեպնդվենք, սա է մեր ուղին՝ պայքար։ Բոլորս պետք է կանգնենք իրար կողքի ու բոլորս պետք է զենք բռնենք, բոլո՛րս։

Ադրբեջանցիներն ինչ ուղի ընտրել են, գնում են դրան, նրանք հետ չեն գնա, մինչև իրենց քիթմռութին չհասնի, ու դա շուտով լինելու է»։

Կարդացեք նաև

Մարտին Եսայանն անդրադառնալով միջազգային հանրության գործունեությանը, ասաց՝ տպավորություն է, որ միջազգային հանրությունը չի ուզում նույնիսկ մտահոգվածություն հայտնել, թե ինչ է կատարվում Հարավային Կովկասում՝ այս հարյուր-հազարավոր ժողովրդի դեմ․

«Ասում էին՝ միջազգային հանրությունը երբեք չի թողնի, որ սադրանք լինի հայ ժողովրդի և Արցախի դեմ, բայց ագրեսիան եղավ, չէ՞, տեսանք, որ ադրբեջանցիները թքած ունեցան միջազգային հանրության վրա, մնեք էլ պետք է թքած ունենանք, պետք է գոտեպնդվենք, ամրապնդվենք, բանակը պետք է ամրապնդվի, ու անենք ամեն ինչ, որ մեր ազգը, մեր սահմանները պահենք, իսկ մենք ի՞նչ ենք անում»։

Ռազմական փորձագետն անդրադարձավ նաև Լաչինի միջանցքում տեղակայված ռուս խաղաղապահ զորախմբի գործունեությանը, ասաց, որ նրանք պետք է համարժեք արձագանք տան ադրբեջանցիների գործողություններին և րոպե առաջ ճանապարհը բացեն։

«Ռուս խաղաղապահներն իրենց շատ հանգիստ են պահում ու կուլ են տալիս ադրբեջանցիների արարքները։ Ես չեմ տեսնում, որ իրենք շատ կոշտ արտահայտություններ անեն։ Այն, ինչ կատարվեց Հարավային Օսիայում, իրենք եկան ու մի քանի րոպե ժամանակ տվեցին, բայց ադրբեջանցիներին չեն ասում, հանդուրժում են ու իրենց շատ հանգիստ են պահում»,- ասաց Եսայանը։

Դիտարկմանը, որ տելեգրամյան ալիքները հաղորդում են, որ ռուսներն ադրբեջանցիներին ժամանակ են տվել, որպեսզի ճանապարհը բացեն, այլապես ուժի միջոցով են այն անելու, ռազմական փորձագետն ասաց, որ ինքը նման ինֆորմացիայի չի տիրապետում, ավելին, բացառեց ռուս խաղաղապահների կողմից ադրբեջանցիների նկատմամբ ուժի կիրառումը․

«Բացառվում է, որ ռուսները ուժի կդիմեն։ Ուղղակի կոշտ արձագանք կլինի, ու դա պետք է լինի վերևից՝ Կրեմլից, ոչ թե այստեղից։ Ես չեմ էլ կասկածում, որ շուտով կոշտ արձագանքներ կլինեն, որովհետև սա Հայաստանին կապող միակ ճանապարհն է, չի կարելի այս ձև վերաբերվել։ Եթե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շուրջ նման սադրանքներ են անում, պետք է պատասխան տալ դրան»։

Հարցին՝ ի՞նչ սպասել այսօր, վաղը և առհասարակ մոտ ապագայում, Մարտին Եսայանը պատասխանեց․

«Բոլոր ուղղություններով ադրբեջանցիները սադրանքների են դիմելու։ Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանությունների որդեգրած քաղաքականությունը տանում է սրան, միայն սրան։ Ի՞նչ խաղաղություն, չե՞ք տեսնում դուք, հա՛յ ժողովուրդ, ի՞նչ խաղաղության պայմանագիր, չկա՛ նման բան, ո՞վ է գալու մեր ձեռքից բռնի։

Ես լավ բան չեմ տեսնում, իրավիճակն ավելի է վատանալու, բայց անկախ ամեն ինչից՝ մենք պայքարելու ենք, պետք է իրենց քիթմռութին հագնի, որ հետքայլեր սկսեն անել, հետքայլ պետք է անեն։

Այնպես չի, որ իրենց վիճակը գերազանց է, ո՛չ, գերազանց չի՛, իրենք էլ խնդիրներ ունե՛ն, իրենց մեջ էլ հարցեր կան, որ չե՛ն ուզում մարտնչեն, չեն ուզում զենք վերցնել, իրենք ինչ-որ տեղ ոգևորված են, բայց ժողովրդի մեջ լուրջ հարցեր կան։

Իրենք ուզում են փորձեն, տեսնեն՝ ներսի ժողովուրդը պայքարո՞ւմ է, թե՞ ձեռքերը բարձրացնում է, բայց Արցախում բոլորն էլ պայքարելու են, բոլո՛րը, փոքրից մինչև մեծ, մինչև ծերունին պայքարելու է»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները՝ բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները։

Տեսանյութեր

Լրահոս