Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորը խաղաղապահներն են, թող իրենք էլ պաշտպանեն ժողովրդին․ ՔՊ-ական․ «Իրավունք»
«Իրավունք» օրաթերթը գրում է․ «Ադրբեջանի կողմից այս փուլում լայնածավալ պատերազմական գործողությունների վերսկսման հավանականությունը, ըստ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի, քիչ է.
— Սադրանքներ ՀՀ տարբեր հատվածներում չի բացառվում, բայց լայնամասշտաբ ռազմական գործողությունները քիչ հավանական են: Հիմա ռիսկ չեն անի, դրանք վախկոտ են, էս ձմռան սեզոնին չեն գնա նման քայլի, բայց սադրանքներ տարբեր տրամաչափի ու ձեւի կանեն՝ ով է ասում, որ չէ:
— Իրանի սահմանին թուրք-ադրբեջանական զորավարժությունները ե՞ւս Ձեզ համար մտահոգիչ չեն:
— Զորավարժությունները յուրօրինակ պատասխան են այդ երկրին, որն ավելի վաղ զորավարժություններ էր անցկացրել Ադրբեջանի հետ սահմանին: Ամեն ինչ էլ կարող է լինել: Չմոռանանք, որ 2020 թվականի հունիս-հուլիս ամիսներին, երբ Տավուշում՝ Նոյեմբերյանի հատվածում, գործողություններ կատարվեցին, նույն ժամանակ Նախիջեւանում թուրք-ադրբեջանական զորավարժություններ էին ընթանում: Այդ ժամանակ էլ մենք մտավախություններ ունեինք, եւ ես իմ հարցազրույցներում ասում էի, որ սա Ղարաբաղի վրա հարձակման նախանշան է: Հիմա՝ այսօր էլ, Իրանի սահմանին մեկնարկած թուրք-ադրբեջանական զորավարժություններից մենք պետք է բոլոր դեպքերում շատ զգույշ լինենք, չնայած, հիմնական սլաքն ուղղված է Իրանին: Ադրբեջանն իրականում Իրանին է ուզում ատամ ցույց տալ:
Մի մոռացեք, որ ոչ վաղ անցյալում Իրանի կողմից իրականացված զորավարժությունների ժամանակ ադրբեջանցիներն ինչ-որ չափով լռեցին, սակայն հետո սկսեցին սադրանքներ հրահրել Հայաստանի եւ Իրանի հետ սահմաններին՝ հատկապես Իրանին ցույց տալու, որ Ադրբեջանը կարող է համարժեք պատասխան տալ: Ես Ձեզ ավելին ասեմ, հիմա ավելի շատ վտանգված են Հայաստանի, քան Արցախի սահմանները, այսինքն՝ մենք պետք է թե՛ Արցախում, թե՛ Զանգեզուրում, թե՛ Հայաստանի մնացած սահմաններին շատ զգույշ լինենք՝ պատրաստ լինելով ամեն ինչի: Մենք ունենք թշնամի հարեւան պետություն, որն ուզում է մեր տարածքները վերցնել, գրավել, դրա համար մենք չպետք է թուլանանք, պետք է զգոնությունը պահենք:
— Պարոն Մելքոնյան, Լաչինի միջանցքում ադրբեջանական սադրանքների նպատակը ո՞րն է, ու, ըստ ձեզ, ադրբեջանական կողմը կկարողանա՞ հասնել նրան, որ միջանցքի վրա ինչ-որ եղանակով հսկողություն ունենա:
— Դե, դա նորություն չի, իրենք շուտվանից ասում են, որ Ղարաբաղի հարցը լուծված է, ադրբեջանցիներն արդեն մտածում են, որ Ղարաբաղն իրենցն է: Հիմա էլ որոշել են տենց բաներով հայաթափեն, հակառակ պարագայում սպանդ կազմակերպեն:
— Եթե միջանցքը փակեն, հայ սահ- մանապահները կմիջամտե՞ն:
— Չէ, ոնց կարող ենք խոչընդոտել, մենք ինչ գործ ունենք Լաչինի հետ, որ խառնվենք, էդ ռուսների գործնա արդեն, մենք էդ դաշտում միջամտելու իրավունք չունենք, հենց միջամտենք, կգան մեզ կհասնեն: Մենք ռազմական օգնություն չենք կարող միջամտել, Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորը խաղաղապահներն են, թող իրենք էլ պաշտպանեն էդ ժողովրդին:
— Հայաստանը, փաստորեն, զուտ դիտորդի կարգավիճակում է:
— Չէ, մենք էլ միջազգային ատյաններում ենք Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ու խաղաղ ապրելու իրավունքի մասին բարձրաձայնում, ցավոք, էս օրին ենք հասել: Հիմա Հայաստանի անվտանգությունը ավելի վտանգված է, քան՝ Ղարաբաղի:
— Պարոն Մելքոնյան, այսքանից հետո Դուք դեռ հավատո՞ւմ եք, որ խաղաղության դարաշրջան ենք թեւակոխելու:
— Սահմանագծման, սահմանազատման, խաղաղության պայմանագիր է կնքվելու, որ արդեն մեր ձեռքին չի, խոշոր տերությունների ձեռքին է: Մենք պետք է այդ ձեռքը բռնենք: Մենք ուզում ենք 1991 թվականի սահմաններով մեր երկիրն ունենանք: Խնդիրը դրված է, որ մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքենք: Խոշոր տերություններն են մեզ ասել, որ մինչեւ տարվա վերջ պիտի էդ պայմանագիրը կնքենք. կլինի, թե չի լինի, չգիտենք: Ալիեւի հոխորտալուց երեւում է, որ մինչեւ տարեվերջ դժվար կարողանանք խաղաղության պայմանագիր կնքենք»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։