Ցավում եմ, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև էլ բանակցություններ չկան Արցախի շուրջ․ Արայիկ Հարությունյանը՝ «Ֆրանց 24»-ին
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հարցազրույց է տվել «Ֆրանս 24» հեռուստաընկերությանը եւ ասել, որ Արցախի իշխանությունների առաջնային խնդիրը 40.000 փախստականների կեցության, կյանքի եւ աշխատանքի համար պայմաններ ստեղծելն է, սակայն Ադրբեջանն ամեն միջոցով խոչընդոտում է դրան։
Իբրեւ ապացույց նա մատնանշել է ամեն օր հրադադարի խախտման դեպքերը եւ Լաչինի միջանցքում վերջին միջադեպը։
«Ֆրանսիայի ԱԺ-ի ընդունած բանաձեւի պահանջը՝ Ղարաբաղի ժողովուրդը պետք է պաշտպանված լինի միջազգային իրավունքով, արդյոք այն է, ինչ Դուք եք ցանկանում»,- հարցրել է հեռուստաընկերության մեկնաբանը։
«Անշուշտ, այսօր խաղաղությունը երաշխավորում է 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Արցախոմ տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելությունը, որի մանդատը մինչեւ 2025 թվականն է, սակայն անհրաժեշտություն կա այն լրացնել միջազգային երաշխիքներով՝ նկատի ունենալով, որ ինքնորոշման իրավունքը եւ անկախությունը Ղարաբաղի ժողովրդի անվտանգության միակ երաշխիքն են»,-պատասխանել է Արայիկ Հարությունյանը։
Լրագրողը հիշեցրել է, որ ոչ մի երկիր չի ճանաչել Լեռնային Ղաաբաղը, եւ նախագահ Հարությունյանը Ֆրանսիայում է՝ հավանաբար ստանալու այդ երկրի աջակցությունը. «Ձեզ ընդունել են ֆրանսիական քաղաքական շրջանակները, բայց ոչ Հանրապետության նախագահը։ Ափսոսու՞մ եք դրա համար»։
Արայիկ Հարությունյանը նախ շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի ԱԺ-ին միաձայն քվեարկության համար։ 2020-ի պատերազմից հետո Ֆրանսիայի օրենսդիր իշխանությունները չորս բանաձեւ են ընդունել Արցախի անկախության ճանաչման պահանջով։ «Անշուշտ, ցավում եմ, որ Ֆրանսիայի գործադիր իշխանությունը, նախագահը չեն ընդունել, դա մեկ քայլառաջ կլիներ։ Բայց հույս ունեմ, որ ապագայում նման հանդիպում կկազմակերպվի՝ մեզ օգնելու համար»,- նշել է նա։
Բանակցություններին Արցախի մասնակցության վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Արցախի նախագահն ափսոսանք է հայտնել, որ ոչ մեկն Արցախի հետ չի բանակցում. «Ադրբեջանը մերժում է մեզ հետ որեւէ բանակցություն։ Ադրբեջանական իշխանությունների հետ շփումներ ունենք սոցիալական, հումանիտար հարցերի շուրջ, բայց ոչ երբեք՝ կարգավիճակի կամ ապագայի վերաբերյալ։ Ցավում եմ նաեւ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ էլ միջազգային մակարդակով բանակցություններ չկան Արցախի շուրջ»։
Լրագրողը նախագահից հետաքրքրվել է՝ արդյոք Արցախը համաձայն կլինի ինքնավարության Ադրբեջանի կազմում։ Արայիկ Հարությունյանն ասել է, որ Արցախի ժողովուրդը ԽՍՀՄ փլուզման ժամանակ կատարել է իր ընտրությունը՝ դա անկախությունն է, եւ այդ իրավունքն ամրագրված է Արցախի Սահմանադրությամբ։ «Արցախն ապագա չունի Ադրբեջանի կազմում, մենք պատրաստ ենք նորմալ հարեւանության, սակայն անկախության կարգավիճակը բանակցության առարկա չէ»,- ընդգծել է Արայիկ Հարությունյանը։
«Իսկ ինչու՞ ոչ՝ վերամիավորում Հայաստանի հետ»,- հարցրել է լրագրողը։
«Հայաստանի հետ վերամիավորումը յուրաքանչյուր հայի եւ արցախցու երազանքն է, սակայն դա հնարավոր չէ միջազգային իրավունքի տեսանկյունից»,- ասել է Արայիկ Հարությունյանը։